Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլհարմոնիկն իտալական բեմերում Արամ Խաչատրյան կհնչեցնի

Ֆիլհարմոնիկն իտալական բեմերում Արամ Խաչատրյան կհնչեցնի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսի 25-30-ը չորս համերգներով հանդես կգա Իտալիայում: ՀՊՖՆ-ը ելույթ կունենա Իտալիայի Ռիմինի, Չիտա դի Կաստելո, Մերանո և Ռավելո քաղաքներում` միջազգային երաժշտական ասպարեզում ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան ջութահակար Անուշ Նիկողոսյանը, տավղահարուհի Յանա Բուժկովան (Չեխիա) և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա): 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իտալական շրջագայություններին:

«Շատ հեղինակավոր համերգների ենք մասնակցելու: Նվագելու ենք իտալական չորս հանրահայտ ամառային փառատոններում: Ռիմինիի փառատոնին, օրինակ, հանդես ենք գալու 4000-անոց դահլիճում: ՀՊՖՆ-ի համերգի տոմսերը սպառվել էին դեռևս  ապրիլից: Հետաքրքրությունը մեր նկատմամբ շատ մեծ է, որովհետև Եվրոպայում անընդհատ լսում են, որ Հայաստանի ֆիլհարմոնիկն աճի մեջ է և լավ նվագախմբերի շարքը համալրելու ձգտում ունի»,-նշեց Թոփչյանը:

Մաեստրոյի խոսքով՝ երկրորդ՝ Մերանոյի փառատոնին մշտապես մասնակցում են աշխարհի ամենահայտնի նվագախմբերը և դիրիժորները: «Այս տարի էլ է այդպես: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք էլ ենք մասնակցում այդ տոնին: Մյուս՝ Չիտա դի Կաստելոյի փառատոնը չի կարելի ասել, որ մեծագույններից է, բայց ևս հայտնի փառատոն է, և ամեն տարի նվիրված  է ինչ-որ մի երկրի: Նախորդ տարի այն նվիրված էր Եվրոպային: Ես այնտեղ համերգ ունեի Պերուջայի նվագախմբի հետ, և համերգից հետո գեղարվեստական ղեկավարի հետ որոշեցինք 2014-ի փառատոնը նվիրել Հայաստանին՝ Իտալիա հրավիրելով Ֆիլհարմոնիկին, հայ կոմպոզիտորներին: Ռավելոյի փառատոնը ևս շատ հայտնի է»,-նշեց Թոփչյանը:

Իտալիայում հայկական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի գործերից: Մասնավորապես՝ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կհնչի Անուշ Նիկողոսյանի կատարմամբ:

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը համոզված է, որ Ֆիլհարմոնիկը պետք է հանդես գա լավագույն փառատոններին և ամենամեծ դահլիճներում: «Վերջին երկու տարին շրջագայություններ չենք ունեցել ֆինանսական պատճառներով, սակայն այժմ իրար հետևից հյուրախաղեր ունենք, և աշխարհի բոլոր մասերում լինելու ենք: Մենք ուզում ենք լինել լավ նվագախմբերի շարքում: Այսօր մենք ունենք շատ բարձր մակարդակի նվագախումբ, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, և ուզում ենք դա ներկայացնել Եվրոպային»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը:

Նվագախումբն այս տարի օգոստոսի փոխարեն հուլիսին է հանգստացել, և ամբողջ օգոստոսի ընթացքում պատրաստվել է հյուրախաղերին: Հայաստանից Իտալիա կմեկնի 92 երաժիշտ: «Մեծագույն շնորհակալություն պետք է հայտնեմ ՀՀ նախագահին և երկրի ղեկավարությանը, որոնք օգնում են հոգալ մեր ճանապարհածախսը: Ես իսկապես շատ շնորհակալ եմ»,-հավելեց նա:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գործունեության 90 տարիների ընթացքում ամենուրեք կատարել և տարածել է արևմտաեվրոպական, ռուսական, հայ երաժշտության սիմֆոնիկ բազմաթիվ ստեղծագործություններ: Նվագախմբի հետ ելույթ են ունեցել Դավիթ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Ռենատո Բրուզոն, Սթիվեն Իսերլիսը, Դավիդ Գերինգասը, Բերնդ Գլեմզերը, Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն, ինչպես նաև տասնյակ այլ հանրաճանաչ արտիստներ, առաջատար մենակատարներ և երաժիշտներ: Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը և այլ հայտնի դիրիժորներ: 

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am