Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/26. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերը

Երևանյան բեսթսելեր 2/26. Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Գաբրիել 
Գարսիա Մարկեսի գործերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:  

Գաբրիել  Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը երկրորդ հորիզոնականում է: Այն օրեր առաջ նոր գրքով լույս է տեսել «Բուկինիստ» գրախանութի հրատարակությամբ:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը:

Չորրորդ հորիզոնականում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի«Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել այս տարի: Գրողի մահից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գիրքը: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են:  Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»: 

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Հովիկ Վարդումյանի «Կանթեղ» ստեղծագործությունը ևս ընդգրկվել է բեսթսելերների ցանկում: Ժամանակին Հովիկ Վարդումյանը գրանցել է մեր ազգային կենսագրության, Արցախյան գոյամարտի բոլոր կարևոր դրվագները, եւ հիմա այդ գրառումները դարձել են վեպի սյուժեի հիմք: Վեպն իմաստավորում, արձանագրում ու պատմության համար պահում է մեր անցյալի մի հատվածի փաստավավերագրական նկարագիրը: Վեպի նյութը «Սուր ու խաչ» անունը կրող մարտական ջոկատի կենսագրության մի հատվածն է, որն առնչվում է ոչ միայն Արցախյան գոյամարտի, այլև լավի ու վատի, բարու ու չարի հակամարտության դաշտին: Վեպում միահյուսված են գեղարվեստական պատումը, միստիկան և վավերագրությունը: Առեղծվածային Մանուկի ծննդյան շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հեղինակը կերտել է Արցախյան հերոսամարտի պատմությունը:

Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկան երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:

Պարույր Սևակի գործերն ամփոփող «Ականջդ բեր ասեմ» իմաստախոսությունների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին, մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին, հայ և համաշխարհային գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100 իմաստախոսություն:

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 30
2 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 20
3 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 15
4 +5

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 14
5 *

Վահրամ Սահակյան

«Վարձու ինքնասպաններ» 

Անտարես 10
6 -5

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 10
7 նոր Հովիկ Վարդումյան «Կանթեղ» Էդիթ Պրինտ 8
8 *

Գուրգեն Մահարի

«Չարենց-նամե»

Բուկինիստ 8
9 0

Պարույր Սևակ

«Ականջդ բեր ասեմ»

Էդիթ Պրինտ 7
10 -3

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 7

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am