Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարը պատմում է, թե ինչպես են իր զինվորները հետ մղել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարը պատմում է, թե ինչպես են իր զինվորները 
հետ մղել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողները հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կարողացել են հետ մղել կազմակերպված և համակարգված գործողությունների արդյունքում: ԼՂՀ ՊԲ N զերամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը լրագրողներին հենց տեղում ներկայացրեց, թե ինչպես են գործել իր զինվորները՝ հակառակորդին դիմակայելիս: Նա նշեց, որ հակառակորդի դիվերսիոն ուժերին արդեն հաջողվել էր անցնել հայկական կողմի դիրքերը, ինչից հետո միայն նկատվել է հակառակորդի շարժը, սակայն հայ զինծառայողները խուճապի չեն մատնվել և անիմջապես պաշտպանողական քայլեր են ձեռնարկել: «Դեպքը եղել է գիշերը, և նման դեպքում, իհարկե, դժվար է նկատել հակառակորդի շարժը, մանավանդ, որ նրանք եկել են շատ զգույշ, սակայն նկատելով, որ նրանք արդեն անցել են մեր դիրքեր, մենք անմիջապես անցանք հակառակորդին հակահարված հասցնելու գործողությանը»,- ասաց նա:

Հայ զինծառայողները անմիջապես ճիշտ դիրքում տեղավորվել են և պատրաստվել հակառակորդին դիմակայելուն: Գիշերային տեսանելիության սարքի միջոցով վաշտի հրամանատարը նկատել է իրենց մոտեցող երկու հակառակորդի, որոնք անմիջապս նրա կողմից խոցվել են: «Նրանց արյան հետքերը մնացել են դիրքերում առկա անվադողերի և հողի վրա: Այստեղ մնացել էին նաև ամբողջովին արյան մեջ թաթախված վերնազգեստ և գլխաշոր, ինչը վկայում է այն մասին, որ նրանք սպանվել են հենց առաջին կրակոցից: Վստահաբար կարող եմ ասել, որ հենց առաջին երկու եկողներին մերոնք անմիջապես սպանել և չեզոքացրել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ասրյանը:

Այնուհետև հակառակորդն սկսել է գնդացիներից կրակոցներ արձակել հայ զինծառայողների ուղղությամբ, և կողմերի միջև թեժ մարտ է սկսվել: Մարտի ընթացքում հակառակորդի կողմից խոցվել է նաև վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը, ով այնուհետև հիվանդանոցում մահացել է: Ծանր վիրավորվել է նաև կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, ով ևս հետո մահացել է:

Էդվարդ Ասրյանը նշեց, որ հակառակորդի կրակոցներից հետո տարածքում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում հակառակորդի թիկունքում դարանակալած հայկական ուժերը նկատել են հակառակորդին և անմիջապես կրակ բացել նրա ուղղությամբ: «Այնտեղ եղել է ավագ լենտենանտ Հայկ Խալաթյանը` երկու ժամկետային զինծառայողների հետ: Նրանք այդ կրակի հետևաբքով կարողացել են տեսնել, թե որտեղ է գտնվում հակառակորդը և տարբեր տեսակի զենքերից կրակել են նրանց ուղղությամբ, որից հետո հակառակորդը խուճապի է մատնվել և դիմել է փախուստի»,- նշեց նա:

Զորամասի հրամանատարն ընդգծեց, որ հակառակորդին թվացել է, թե իրենց համար թակարդ է պատրաստված և խուճապահար դիմել է փախուստի՝ մարտի դաշտում թողնելով իրենց զենքերը: Թեև տարածքը մարտից հետո մաքրվել էր, սակայն հակառակորդի կրակած փաշփուշտների պարկուճներն ամենուրեք էին: Ասրյանը նաև տեղեկացրեց, որ հակառակորդը հարձակվել էր 40-50 հոգանոց ջոկատով: «Թեև մենք ունեցանք կորուստներ, և մեզ համար չափազանց ծանր էր, սակայն կարողացանք հետ շպրտել հակառակորդին` նրանց պատճառելով մարդկային զգալի կորուստներ: Այդ օրը հակառակորդը տվել է 7 զոհ և 6-ից ավելի վիրավոր և դիմել է փախուստի: Նրանք թողել են իրենց զինատեսակները և վերցրել են միայն իրենց զինվորների դիակները և վիրավորներին ու հեռացել»,- շեշտեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am