Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանական ուժերի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Տավուշի մարզ

Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանական ուժերի մի խումբ 
ներկայացուցիչներ այցելել են Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի քաղաքական ուժերի` վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում են եղել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ է եղել։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան եւ հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։ 


Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշել են նաեւ, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, եւ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:

Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու եւ հակառակորդին հակահարված հասցնելու։  

Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, եւ անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը: 

Այնուհետեւ ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա են գտնվելմեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշել են, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասները պաշտպանելու գործում եւ բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։  
Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին եւ սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշել են, որ, չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին, քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի եւ բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։ 

Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ։ 

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահը եւ պատգամավորները եղել են նաեւ սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում եւ դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցել են իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, եւ ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։ 

Անդրադառնալով ՀՀ ԱԺ խոհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությանը եւ Տավուշի մարզ կատարած այցին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հարված կստանա Հայոց բանակի մարտիկների կողմից, եւ քաղաքական բոլոր ուժերը կմիավորվեն հայրենիքի պաշտպանության շուրջ ու արժանի հակահարված կտան հակառակորդին։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը ձեռք է բերել միավորվելու հատկանիշ, եւ քաղաքական ուժերն էլ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ միավորվել են եւ կշարունակեն այդպես: Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը եւ քաղաքական ուժերը համախմբվում են եւ արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ: 

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են սահմանամերձ Բերքաբեր եւ Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցել են զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:  
Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մեղրի եւ հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելել է նաեւ Տավուշի պատմամշակութային թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am