Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Արի տուն» ծրագրի վերջին փուլին մասնակցում են 45 պատանիներ ու աղջիկներ

«Արի տուն» ծրագրի վերջին փուլին մասնակցում են 45 պատանիներ ու աղջիկներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը, մեկնարկել է օգոստոսի 19-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունել է նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջույնը: Ձեր երազանքը իրականություն է դարձել, և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը նոր ընկերների հետ, իսկ ընկերների շրջանակը թե՛ տարածքային, թե՛ քանակային առումով մեծանալու է: Նաև հայերեն եք սովորելու, ինչը շատ կարևոր է: Հայերենը մեր ինքնության խորհրդանիշն է: Հայրենիքում գտնվելու այս օրերին շփվեք միայն հայերենով»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար: Ավանդույթի համաձայն,  նախարարի տեղակալը «Արի տան» շապիկ է հագցրել ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ 13 ամյա Սերբան Ջորջ Լազարովիան Ռումինիայից:

Ծրագրի մասնակիցները դիտել են նաև «Արի տուն» ֆիլմը:

Ծրագրի վերջին՝ 8-րդ փուլին մասնակցելու համար, Հայաստան է  ժամանել 13-18 տարեկան սփյուռքահայ 45 պատանի ու աղջիկ՝ ՌԴ-ից, Վրաստանից, Իսպանիայից, Գերմանիայից,  Բելգիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից,  Լիբանանից, Սիրիայից:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում:

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: Մեկնարկի տարում Հայաստան է այցելել աշխարհի 14 երկրից 14-25 տարեկան 317, իսկ 2010թ.՝ 560 երիտասարդ՝ աշխարհի 26 երկրից: 2011թ. «Արի տուն» կանչով Հայաստան է եկել ավելի քան 812 սփյուռքահայ պատանի՝ 35 երկրից, 2012թ.՝ 912  երիտասարդ՝ 40 երկրից, 2013թ.-ին՝ 924 սփյուռքահայ՝ 36 երկրից: Այս տարի ծրագրին մասնակցել է 1075 պատանի և աղջիկ աշխարհի 38 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Տիգրանակերտի իսլամացած հայերի 48 հոգանոց խումբը, Արցախից 80 և  Սիսիանից 16 պատանի և աղջիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am