Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Նոր գիրք»-3. Հայաստանյան հրատարակչությունները ներկայացնում են նորույթներ՝ հայ ընթերցասերների համար

«Նոր գիրք»-3. Հայաստանյան հրատարակչությունները ներկայացնում են նորույթներ՝ հայ 
ընթերցասերների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը, որն ամեն երկուշաբթի պատմում է հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ  «Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է 2014 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայ դասականների գործեր

Գուրգեն Մահարի, «Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով». հատոր 1 

Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորն ընդգրկում է նրա 1916-1969 թթ. գրած բանաստեղծությունները: Բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ բանաստեղծություններ ներկայացվում են առաջին անգամ: Հատորի խմբագիրներն են Վարդան Մաթևոսյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը բաղկացած է 768 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

 Երիտասարդ գրողների գործեր

Մարիամ Կարապետյան, «Պաստառներ խաղաղ օրերի համար»

Բանաստեղծությունների ժողովածուն Մարիամ Կարապետյանի առաջին գիրքն է: Այն հատկանշվում է շարքից շարք զարգացող նյութով ու պոետական լուծումներով և յուրատեսակ բանաստեղծական պատում է՝ բազմաչափ ընթերցումների ու ետընթեցումների հնարավորությամբ: Թարմությունը ոչ միայն և ոչ այնքան նյութն է, որքան այն պատկերի վերածելու եղանակը: Իրականության  դրվագները վերաճում են առհասարակ լինելու, շարժման ու ընթացքի: Հոգեվիճակները ներկայացվում են իբրև ինքնաընթերցումներ. պատկերվում են ոչ միայն ներսից, այլև կողմնակիորեն: Աշխարհզգացողությունից պատկեր անցումն անմիջական է և հետևողական միաժամանակ: Գիրքը բաղկացած է 168 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանություն այլ լեզվից

Ջեյն Օսթին, «Հպարտություն և նախապաշարմունք»

Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Անգլերենից թարգմանեց Արմենուհի Փալանդուզյանը: Խմբագիր՝ Հրաչուհի Փալանդուզյան: Գիրքը բաղկացած է 464 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Ջեյմս Մեթյու Բարրի  «Փիթրը և Վենդին»

«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով, տղաներից լավագույնը: Գիրքը բաղկացած է 240 էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

 «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am