Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ստեփանակերտից հիշեցնում են բանակցային սեղան ԼՂՀ վերադառնալու անհրաժեշտության մասին

Ստեփանակերտից հիշեցնում են բանակցային սեղան ԼՂՀ վերադառնալու 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանին իրավիճակը կայուն է եւ հայկական զինված ուժերը կարողանում են արդյունավետ ծառայել ու ետ մղել հակառակորդին` ապահովելով երկրի ու բնակչության անվտանգությունը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացնում է, որ թե’ ժողովուրդը, թե’ զինված ուժերը ամուր են եւ հաստատակամ: «Արցախում ոչ ոք պատերազմ չի ցանկանում, սակայն միանշանակ է նաեւ այն տեսակետը, որ վերադարձ նախկին սահմաններին չի լինելու: Սա հստակորեն գիտակցում է, թե’ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե’ պաշտպանության բանակն ու ժողովուրդը»,- ասաց Դավիթ Բաբայանը: Անդրադառնալով օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Ստեփանակերտում կարեւորում են յուրաքանչյուր նման հանդիպում, քանի որ դրանք ուղղված են առաջին հերթին հակամարտության կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը տարածաշրջանում:

«Քանի դեռ ընթանում են բանակցություններ, նշանակում է` ընթանում է խաղաղ գործընթաց: Սակայն նման հանդիպումներից չպետք է ակնկալենք, որ հակամարտությունը միանգամից կկարգավորվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդագույններից է եւ երկար տարիներ կպահանջվի, որպեսզի այն լուծում ստանա»,-ասաց Բաբայանը` շեշտելով, որ հանդիպմանը պետք է հատուկ ուշադրություն դարձվի բանակցությունների ձեւաչափը շուտափույթ վերականգնելու հանգամանքին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղան եւ առանց ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի կարծիքի չպետք է ընդունվի որեւէ որոշում: Կարծում եմ, որ համանախագահներն էլ են հասկանում, որ անհանր է առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության որեւէ որոշում ընդունելը: Կարծում եմ` դա հասկանում է նաեւ Ադրբեջանը: Պարզապես այնպես է ստացվել, որ նրանք ամեն կերպ խոչընդոտում են նման ձեւաչափի վերականագնմանը, քանի որ, երեւի նրանց ձեռնտու չէ հարցի լուծումը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Օգոստոսի 2-ին Գավառ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ  հակամարտության խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Արցախի սահմաններում տիրող վերջին օրերի լարված վիճակի թոթափման բանալին տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` առաջիկայում կայանալիք հանդիպման մեջ: «Նախագահները հանդիպելու են Սոչիում օգոստոսի 8-9-ին, և հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն մեզ համար կարևոր պայմանավորվածություններ: Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Սա կլինի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 19-րդ հանդիպումը: Նախորդը կայացել է 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am