Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում բակային ճամբարները կգործեն մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը

Երևանում բակային ճամբարները կգործեն մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Թումանյան թաղամասի այգի, որտեղ «Երևանյան ամառ 2014» ծրագրով մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպվել է բակային ճամբար: Այստեղ երեխաները մասնակցում են մարզամշակութային տարաբնույթ միջոցառումների և մրցույթների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  քաղաքապետը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, իսկ երեխաներն էլ՝ ներկայացնելով իրենց տպավորությունները, ոգևորությամբ նշել են, որ միջոցառումները ոչ միայն հաճելի ժամանց են ապահովում, այլև ուսուցողական են, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձնում իրենց առօրյան: Պատասխանատուները զեկուցել են, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին և միջոցառումներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 16 հազար երեխա:

Երեխաների ծնողները ևս իրենց գոհունակությունն են հայտնել երկրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» ծրագրով կազմակերպվող բակային ճամբարներ կազմակերպելու համար, որոնք, ինչպես խոստովանել են նրանք, հետաքրքրությամբ են լցնում ոչ միայն երեխաների, այլ նաև իրենց առօրյան: Տարոն Մարգարյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն, ըստ էության, ուղղված են երևանցիների միջավայրն առավել բարեկարգ ու գրավիչ, իսկ առօրյան էլ հագեցած դարձնելուն և այդ տեսանկյունից կարևորել է բակային ճամբարների դերը՝ հատկապես երեխաների հանգիստը կազմակերպելու տեսանկյունից:

Քաղաքապետը նաև հավելել է, որ մարզամշակութային ծրագրերը մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում և բակերում, լինելու են շարունակական: Բակային ճամբարում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ վարչական շրջանի մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ժամանակ փոքրիկները հնարավորություն են ունեցել շփվելու և լուսանկարվելու իրենց սիրած մուլտֆիլմերի հերոսների հետ: Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են մինչև ուսումնական նոր տարվա մեկնարկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am