ԱՄՆ վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանից տեղեկացրեցին, որ խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից:
«ԱՄՆ պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզաների համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանափակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները: Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում եւ այն հատուկ չէ որեւէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին եւ ակնկալում ենք, որ շուտով համակարգը լիարժեք կգործի: Նոր տեղեկությունների դեպքում բոլոր թարմացումները կզետեղվեն http://travel.state.gov կայքում»,- փոխանցեցին դեսպանատնից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում