Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ազատվել զոհի բարդույթից և շեշտադրել պայքարող ժողովրդի կերպարը. հորդոր Հայոց ցեղասպանության մասին դասավանդող ուսուցիչներին

Ազատվել զոհի բարդույթից և շեշտադրել պայքարող ժողովրդի կերպարը. հորդոր Հայոց 
ցեղասպանության մասին դասավանդող ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 30 ուսուցիչներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցում են «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» խորագրով ամառային դպրոցին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով`թանգարան-ինստիտուտը կարևորում է դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ մատուցումը, քանի որ այն իր մեջ որոշակի մարտահրավերներ է պարունակում: «Խնդիրն այն է, որ մեր դպրոցներում ցեղասպանության թեման վերջին տարիներին Հայոց պատմության պարզապես ընթացիկ թեմաներից մեկն է դարձել, մինչդեռ Հայոց ցեղասպանության թեմայի յուրահատկությունն այն է, որ հատուկ մոտեցում պետք է դրան ցուցաբերել: Ինչու, որովհետև թեման իր մեջ կրում է բարդություններ, վտանգներ է պարունակում. սխալ մատուցման դեպքում այն լուրջ հոգեբանական ազդեցություն կարող  է ունենալ երեխաների վրա, կարող է բարդույթներ առաջացնել նրանց մոտ: Այս դասընթացների իմաստն այն է, որ մենք փորձելու ենք նորովի, նոր մատուցման մեթոդաբանություն տալ Հայոց պատմություն դասավանդող մեր ուսուցիչներին, ովքեր հետագայում դպրոցներում կկիրառեն այդ մեթոդաբանությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սուրեն Մանուկյանը:

Նրա տեղեկացմամբ` ամառային դպրոցի ավարտին կմշակվի ուղեցույց ուսուցիչների համար, թե ինչպես նրանք ճիշտ դասավանդեն թեման: «Ուղեցույցի մեջ կլինի գրականության ցանկ, որը կպարունակի Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր, որոնք անցել են փորձաքննություն ու չեն պարունակում երկակի ճշմարտություններ»,-փաստեց Սուրեն Մանուկյանը:

Թանգարանի փոխտնօրենի դիտարկմամբ` դասընթացի կարևոր շեշտադրումներից  է այն, որ պետք է վերանալ զոհի բարդույթից, որպեսզի Հայոց ցեղասպանության մատուցումը չլինի զոհի, կոտորվածի հոգեբանությունը տարածելն ու շարադրելը: «Այն ավելի պատասխատու, ավելի գրագետ, հպարտ սերունդ կրթելուն պետք ուղղված լինի: Հայոց ցեղասպանության հիմնական նպատակը հայ ազգին հիմնովին  վերացնելն էր, բայց մեր ազգը, լինելով տոկուն, պայքարող ազգ, կարողացավ ոչ միայն վերապրել ցեղասպանությունը, այլև ստեղծել պետականություն ու 21-րդ դար մտնել արդեն անկախ պետությամբ: Այս շեշտադրումներն է, որ պետք է փոխացենք երեխաներին, պետք է Հայոց ցեղասպանության դասերը, խորհուրդները սովորել, բայց միաժամանակ հպարտ լինել մեր ազգով ու պատմությամբ»,-ընդգծեց Սուրեն Մանուկյանը:

Հայոց ցեղասպանության և հայկական հարցի վերաբերյալ սփյուռքում և Հայաստանում կիրառելի դասագրքի հեղինակ Ռուբինա Փիրումյանն ուսուցիչներին նախ ներկայացրեց, թե ինչումն է տեսնում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման կարևորությունը: «Եթե ես օտար երկրում փորձեի քաջալերել օտար ուսուցիչներին անցկացնել Հայոց ցեղասպանության դասընթացը, պետք է կրկնեի այն միտքը, որ «Նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնելու»: Պիտի կրկնեի Հիտլերի խոսքը` «Եվ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանության մասին» ու ասել, եթե աշխարհը ճանաչեր հայկական ջարդերը, դատապարտեր ու պատժեր ոճրագործներին, չէր լինի Հոլոքոստը»,-ասաց դասախոսը:

Նա ուսուցիչներին հորդորեց դաստիարակել այնպիսի սերունդ, որն իրազեկ է Հայոց և համաշխարհային պատմությանը, տեղեկացված դրանցում տեղ գտած իրավունքի կոպիտ խախտումներին, որպեսզի հետագայում նոր սերունդը չհանդուրժի այդ խախտումները:

Ռուբինա Փիրումյանի խոսքով` պետք չէ երեխաների մեջ սերմանել, որ հայերը խեղճ են եղել, դրա համար էլ նրանց կոտորել են: «Պետք է դուրս հանել այդ բարդույթն ու վախը: Շատ ճիշտ է, որ ցեղասպանությունը իրականացրել են թուրքերը, իսկ քրդերն էլ գործիք են եղել նրանց ձեռքին: Բայց թուրքի դեմ ատելություն ու վախ ստեղծելը սխալ է, քանի որ այդ ժողովուրդը մի օր գալու է գիտակցության, իսկ նրանց հանդեպ վախով ապրելը մեզ է վնասում»,-ասաց ամերիկահայ դասախոսը` խորհուրդ տալով սկզբնական շրջանում շատ զգուշորեն խոսել ցեղասպանության մասին:

«Պետք է սկզբում սերմանել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են համագործակցությունն ու հարատև աշխատանքը, արդարությունն ու բարեկամությունը, ընկերասիրությունն ու փոխադարձ հարգանքը»,-նշեց Ռուբինա Փիրումյանը:

Երևանից Արցախ տեղափոխված ու Քարվաճառի դպրոցականներին Հայոց պատմություն դասավանդող  Դավիթ Եղիազարյանը կարևորում է նման սեմինարների անցկացումը, քանի որ դրանք փորձի փոխանակման հնարավորություններ են տալիս: «Ուսուցիչները հանդիպում են, փորձի փոխանակում է լինում, նոր մոտեցումներ են յուրաքանչյուրն իր համար պարզում, որը կօգնի երեխաներին թեման ներկայացնելու ժամանակ: Ցեղապանության թեման շատ լայն է, շատ մասնագիտական նյուանսներ երբեմն ուսուցիչներին հասու չեն, որոնց ծանոթանալը շատ կարևոր է»,-ասաց երիտասարդ ուսուցիչը:

Հարցին ի պատասխան, թե որքանով են դպրոցականները տեղեկացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Դավիթ Եղիազարյանը նշեց. «Այնքանով, որքանով ներկայացված են դասագրքերում: Դասագրքերում բավականին ծավալուն ներկայացված է թեման, բայց ցանկալի կլիներ, որ ծրագրին զուգահեռ լինեին միջոցառումներ, քննարկումներ այդ թեմայով»,-ավելացրեց ուսուցիչը:

Ամառային դպրոցի ժամանակ դասախոսություններով հանդես եկան Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը և պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am