Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի Երևանի ու Տոկիոյի կապերի հաստատմանը

Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի Երևանի ու Տոկիոյի կապերի 
հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով  հյուրին և ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի Երևանի ու Տոկիոյի, ինչպես նաև ճապոնական այլ քաղաքների միջև կապերի հաստատմանը:

 «Երևանն այսօր ակտիվորեն համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր քաղաքների հետ և մենք պատրաստակամ ենք համագործակցություն հաստատել նաև Տոկիոյի հետ: Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները շատ են և, ըստ այդմ, համագործակցության հեռանկարներն իրոք փոխշահավետ կարող են լինել», - ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն անդամակցում է «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը, որը նախագահում է Հիրոշիմայի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրված Հիրոշիմա քաղաքից բերված «Խաղաղության քար» հուշաքարը ևս մեկ ապացույցն է նրա, որ Երևանն իրոք պատրաստ է ճապոնական քաղաքների հետ համագործակցություն ծավալելուն։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար և կիսվելով Երևանի մասին իր տպավորություններով` Կենիչիրո Սասամեն վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և օժանդակել երկու մայրաքաղաքների միջև կապերի հաստատմանն ու խորացմանը, նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ կլինեն ու կտեղափոխվեն գործնական փուլ:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Տոկիոյի և ճապոնական այլ քաղաքների հետ համագործակցության հաստատման և ամրապնդման հարցում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am