Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շիրակի մարզում գյուղատնտեսությունն այս տարի լուրջ վնասներ է կրել կարկտահարությունից

Շիրակի մարզում  գյուղատնտեսությունն  այս տարի լուրջ վնասներ է կրել 
կարկտահարությունից

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում  գյուղատնտեսությունն  այս տարի լուրջ վնասներ է կրել կարկտահարությունից: Մարզի տարածքում այս տարի կարկտահարություն արձանագրվել է արդեն հինգերորդ անգամ: Վերջին՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած կարկտահարության  հետևանքով տուժել է մարզի 8 համայնք: Տվյալ համայնքների վնասի չափը պարզելու և գյուղացիների հետ զրուցելու նպատակով հուլիսի 29-ին կարկտահարությունից տուժած համայնքներ այցելեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրանք շրջեցին վնասված ցանքատարածություններում:

Վերջին կարկտահարության հետևանքով լուրջ վնասներ էին կրել Շիրակի մարզի Ողջի, Բյուրակն և Մեղրաշատ համայքների ցանքատարածությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, այս տարի մարզում, ընդհանուր առմամբ,  կարկտահարությունից վնաս է կրել 31 համայնք, ընդ որում, դրանց մեծ մասը տուժել է  կրկնակի կարկտահարությունից: «Ըստ նախնական տվյալների` վնասվել է 12 հազար 500 հա ցանքատարածություն, որից 10 հազար 250  հեկտարը հացահատիկային  մշակաբույսերն են, հազար հեկտարից ավելին՝ կարտոֆիլի, իսկ մնացածը՝ բանջարաբոստանային մշակաբույսերը: Ի դեպ, ՀՀ կառավարությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝գյուղացիների հոգսը թեթևացնելու ուղղությամբ»,- նշեց Արաքսյա Կիրակոսյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ` 2014 թվականին գյուղացիական տնտեսություններից չի պահանջվի  տրամադրված սերմացուի գումարը: Քայլեր են ձեռնարկվում նաև վարկերի երկարաձգման  հնարավոր տարբերակները մշակելու առումով: Բնական աղետից տուժած համայնքներում ծրագիր կիրականացվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Խոսքը «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի մասին է:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am