Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վետերանների հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են

Վետերանների հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում 2014 թվականի ծրագրով ամրագրված` Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար աջակցության նոր ծրագրեր իրագործելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացրել է 5 մլն դրամ:

Նույն օրը, մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել վետերանների նախընտրած առողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար:

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության  որոշմամբ` 10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին,  այդ թվում` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափերը:

Վետերաններին հուզող հարցերը համատեղ քննարկելու նպատակով 2014թ. փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում»  հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանին և նրա տեղակալներին:

Վետերանների ներկայացրած հարցերի մի մասը` վետերանների մարզային և Երևան քաղաքի սկզբնական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավման, բժշկական սպասարկման ծառայությունները բարելավելու, օդային տրանսպորտից արտոնյալ պայմաններով օգտվելու (կապված ազգային փոխադրողի փոփոխության հետ) իրենց լուծումներն են ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, համապատասխան մարմինների և կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ: Նախարարությունը գրություններով դիմել էր ՀՀ մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ հանրապետությունում գործող 48 վետերանական կազմակերպությունների կոմունալ ծախսերը հոգալու և թերթերին բաժանորդագրելուն աջակցելուն պատակով: Վետերանների կողմից բարձրացված այլ հարցերի քննարկման նպատակով ձևավորվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Նրանց խնդիրները աստիճանաբար լուծում են ստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am