Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը գիտության ոլորտում զգալի ցուցանիշներ է գրանցում

Հայաստանը  գիտության ոլորտում զգալի ցուցանիշներ է գրանցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Spocus կայքի 1996-2012 թվականների տրամադրած տվյալների, Հայաստանը գիտության բոլոր բնագավառներում իր զարգացածությամբ 76-րդն  է 196 պետությունների մեջ: Արևելյան Եվրոպայի երկների շարքում Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է. 2012 թվականի տվյալներով այն զբաղեցնում է 16-րդ տեղը: Մեր հարևան Վրաստանն այդ ցուցակում զիջում է մեզ մեկ միավորով, իսկ Ադրբեջանը 18-րդ տեղում է: Միայն աստղագիտության բնագավառում Հայաստանը ռեկորդային ցուցանիշով գտնվում է 5-րդ տեղում: Այս տվյալները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ով խոսեց նաև հունիսի 29-ից հուլիսի 4-ը  Ժնևում տեղի ունեցած Եվրոպական աստղագիտական համագումարի մասին:

«Եվրոպական աստղագիտական համագումարն անցկացվում է ամեն տարի: Այս անգամ համագումարին ներկա էին ավելի քան 500 աստղագետներ աշխարհի 43 երկրներից: Մեծ ուրախությամբ կարող եմ հայտնել, որ այսպիսի մեծ ընդգրկմամբ համագումար անցկացվել է նաև Հայաստանում 2007 թվականին: Համագումարի շրջանակում քննարկվեցին բազմաթիվ աստղագիտական թեմաներ, խնդիրներ և համագումարի գլխավոր նպատակը Եվրոպական աստղագիտության դերն աշխարհում ուժեղացնելն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արեգ Միքայելյանը:

Նա նաև ասաց, որ գիտությունն այժմ կապված է խոշոր ներդրումների հետ, և միայնակ կամ առանձին խմբերով մեծամասշտաբ նախագծեր իրականացնելն անհնարին է:   

«Գիտնականի աշխատանքը, լինելով բավականին բարդ և  ծավալուն, պահանջում է մեծ ծախսեր, ներդրումներ, սակայն մինչ օրս գիտնականը Հայաստանում ստանում է շատ չնչին աշխատավարձ` միջինը 70.000 դրամ: Իհարկե, լինում են նաև  դեպքեր, երբ գտնվում են այնպիսի հաջողակ գիտնականներ, ովքեր ստանում են նաև դրամաշնորհներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արեգ Միքայելյանը:

Նա խոսեց նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի մասին, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 18-ին, և մրցանակը հանձնվեց Ֆելիքս Ահարոնյաին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին:

 Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար  և 2010 թվականից սկսած շնորհվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ: Այն համարվում է աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկը և հանձնվում է ցանկացած երկրի և ազգության գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am