Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երեք առանձնահատություններով մարդկանց հաջողության պատմություն

Երեք առանձնահատություններով մարդկանց հաջողության պատմություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկական ու մտավոր դժվարություններով անձիք հասարակության լիիրավ անդամ կարող են դառնալ, եթե հենց այդ նույն հասարակության յուրաքանչյուր քաղաքացի ընդունի նրանց այդպիսին: Նման իրադրությունում որոշակի խնդիրներով մարդիկ էլ, իրենց հերթին, մի կողմ թողնելով օբյեկտիվ պայմաններով պայմանավորված բարդույթները, կնպաստեն հասարակական կյանքում իրենց դերի բարձրացմանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է երեք պատմություն, երեք քաջ մարդկանց մասին, ովքեր ոչ իրենց կամքով հաշմանդամության կարգավիճակ ունեն, բայց հաղթահարել են դժվարություններն ու այժմ ունեն լավ ընկերներ, սիրելի զբաղմունք, կրթություն են ստանում, քայլեր կատարում երազանքի իրագործման համար: 21-ամյա Աղավնին արդեն երեք տարի է` հաճախում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մանկական զարգացման կենտրոնում գործող ներառական թատերական խմբակ: Քանի որ աղջիկը որոշակի դժվարությամբ է խոսում, պատմում է մայրը, ում խոսքով` խմբակը հնարավորություն է տալիս աղջկան շփվել տարբեր մարդկանց հետ, ինչն ամենակարևորն է:

«Շփում ոչ միայն խնդիրներով երեխաների հետ, այլև ցանկացած մարդու: Այժմ Աղավնին կարողանում է ազատ շփվել, առաջ այդպես չէր, նա գիտեր, թե պետք է շփվի միայն խնդիրներով մարդկանց հետ: Անընդհատ գնում էինք բուժվելու, իրեն հանդիպում էին խնդիրներով երեխաներ, բայց այդ փուլն անցանք: Հիմա ավելի ազատ է, շատ է մեծացրել շրջապատը, հատկապես ներառական թատրոնի շնորհիվ»,-ասում է Աղավնու մայրը:

Հարցին, թե նկատում են արդյոք հասարակության վերաբերմունքի փոփոխություն, Աղավնու մայրիկը նշում է. «Առաջինը փոխվել ենք մենք, որովհետև մեր մեջ էլ կային բարդույթներ: Երբ հասարակության մեջ էինք դուրս գալիս, մարդկանց հայացքները թեկուզ մեզ էլ ուղղված չլինեին, մենք որսում էինք դրանք ու վերագրում մեզ: Այժմ իրավիճակը փոխվել է, հիմնականում, երիտասարդությունն է շատ լավ վերաբերվում: Մեծահասակները, կարող եմ ասել, մնացել են նույն առաջվա մտածելակերպին: Երեխաներն էլ իրար սովորական են ընդունում. իրենք իրենց համարում են ոչ թե դժվարություններով, այլ առանձնահատկություններով մարդիկ»: Աղավնու առաջին դերը եղել է «Խատուտիկ» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է ոչ ոքի հետ ընկերություն չանող, բոլորին «ծակող Փշի» դերը:

Մայրիկի բնորոշմամբ` Աղավնին հենց այդպիսին էր մինչ ներկայացումներում ընդգրկվելը, ու հենց նա ինքն էլ խնդրել էր այդ դերը խաղալ: «Որոշ ժամանակ անց նա ասաց, որ էլ չի ցանկանում «Փուշ»-ը լինել: Ուրեմն հասկացավ, որ ինքն այդպիսին չէ, կարող է շփվել մարդկանց հետ»,-ուրախությամբ փաստում է Աղավնու մայրիկը: Փորձեցինք Աղավնուց ճշտել իր սիրելի դերը: «Ես չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ շատ եմ սիրում»,- ասաց նա: Նրա մայրիկի խոսքով` յուրաքանչյուր ներկայացման մեջ Աղավնին որոշակի քայլեր է կատարել իր վիճակի բարելավման համար: «Մի ներկայացման ժամանակ նա քայլակով է կանգնել, մեկի ժամանակ` սայլակից է կանգնել, մյուսի դեպքում էլ քայլ է արել… յուրաքանչյուր ներկայացման ժամանակ մի փոփոխություն է կատարվել իր հետ, դրա համար էլ ամեն ներկայացում իր համար ունի յուրահատուկ իմաստ»,-նշում է կինը:

Եթե Ձեզ հետաքրքրեց Աղավնու պատմությունն ու կուզենաք տեսնել նրա խաղը, կարող եք օգոստոսի 31-ին` Վիլիամ Սարոյանի ծննդյան օրը, ներկա լինել Տիկնիկային թատրոնում ամերկահայ գրողին նվիրված ներկայացմանը:

Աղավնու խաղընկեր և լավ բարեկավ 16-ամյա Ռազմիկի համար էլ թատրոնն ու ներկայացումներում խաղալն ամենահաճելի զբաղմունքն է: Նա արդեն որոշել է ապագա մասնագիտությունը. ցանկանում է դերասան դառնալ: «Ես ամբողջ օրը թատրոնում եմ, ես շատ եմ սիրում թատրոնն ու առանց դրա ինձ չեմ պատկերացնում: Հետագայում ցանկանում եմ դերասան դառնալ: Թատրոնում ես շփումների մեջ եմ իմ հասակակիցների հետ, շատ եմ սիրում նրանց»,- ժպիտը դեմքին նշում է պատանին: Ռազմիկը ևս պատրաստվում է Սարոյանի ծննդյան տարելիցին նվիրված ներկայացմանը:

«Ես այժմ խաղում եմ Վիլյամ Սարոյանի «Ծնվելուց առաջ» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացման մեջ` Սթիվի դերում: Նա գիտի երկրի մասին մինչ ծնվելը, թե իրեն ինչ է սպասվում ու ինքը դրա համար չի ցանկանում գնալ երկիր: Ես հենց դա եմ ներկայացնում: Ներկայացումը կոչվում է «Ես ու դու»: Ներկայացման մեջ ինձ հետ խաղում են նաև Աղավին, Սիրանուշը…»,-պատմում է Ռազմիկը ու նշում, որ հերոսն իրեն նման չէ: Հավանաբար, Ռազմիկը, անկախ ամեն ինչից, սիրում է երկիրն ու դիմակայում դժվարություններին:

Ընկերների մասին այսպես է արտահայտվում. «Նրանք շատ լավ մարդիկ են, լավ ընկերներ, ում հետ շփվելիս հաճույք եմ ստանում: Երբ ազատ ժամանակ ենք ունենում, զրուցում ենք ներկայացումներից, հիշում ենք ճանապարհորդությունները, որոնք անցել ենք միասին»: Ռազմիկն էլ իր խաղընկերների հետ Հայաստանի տարբեր շրջաններում հյուրախաղերի է գնում, վերջինը Գյումրին էր, որը նա շատ է հավանել: «Գյումրի ենք գնացել, շատ լավ քաղաք էր, եղել եմ հրապարակում, եկեղեցիում, շատ գեղեցիկ էր»,-ասում է Ռազմիկը` չթաքցնելով աչքերի փայլը:

Գեորգին, ով ունի տեսողական խնդիրներ, ստացել է առաջին մասնագիտությունն ու պատրաստվում է սեպտեմբերից մասնագիտանալ մեկ այլ ուղղությամբ ու ձեռք բերել մագիստրոսի կոչում: «Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, երկրորդ մասնագիտությամբ Մանկավարժական համալսարանում այս տավանից պետք է ուսանեմ Տիֆլոմանկավարժության ֆակուլտետում, մագիստրոսի կոչում պետք է ստանամ: Աշխատում եմ Մարի Իզմիրիլյանի անվան մանկատանը` որպես համակարգչային օպերատոր»,- իր մասին պատմում է Գեորգին:


Նրա խոսքով` երբ 2010-ին սկսեց ձեռնափայտով ինքնուրույն քայլել` տարբեր խնդիրների հանդիպեց: «Խնդիրներն այդտեղից առաջացան, շփումը հասարակության հետ: Խնդիրներ կան, բայց ամեն ինչին էլ լուծում կա»,- լավատեսությամբ նկատում է երիտասարդը: Հարցին, թե արդյոք կրթություն ստանալիս ինչպիսի դժվարություններ են առաջանում, Գեորգին նշում է, որ գրքերի քիչ մասն է Բրալյան համակարգով, հետևաբար, որոշ գրքեր անհասանելի են իրեն: Բայց այս հարցում Գեորգիին օգնության են հասնում ծնողները, ինչպես նաև տեխնիկան: «Այսօր տեխնիկան ներում է, որ մենք սքան անենք, ու ընթերցենք մեզ համար հատուկ ծրագրերով»,- ասում է Գեորգին:

Նրա փորձն ուսանելի է մյուս երեխաների համար, ովքեր ունեն որոշակի դժվարություններ: «Նույն ձեռնափայտի, համակարգչի առումներով իմ փորձն ուսանելի է, միշտ փորձի փոխանակում ենք անում, հասկանում, թե մեկս մյուսից ինչ կարող ենք սովորել»,- նշում է տղան: Նրա հավաստմամբ` չնայած կան հոգեբանական խնդիրներ, բայց դրանք հաղթահարելի են, իսկ հասարակության վերաբերմունքն էլ դանդաղորեն, բայց փոփոխվում է դեպի լավը:

Զրուցեց` Անի Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am