Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդարադատության նախարարը մատնանշեց նոտարական համակարգի խնդիրները և նոտարներին հորդորեց գործել բարեխիղճ

Արդարադատության նախարարը մատնանշեց նոտարական համակարգի խնդիրները և 
նոտարներին  հորդորեց գործել բարեխիղճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոտարական համակարգում դեռևս չլուծված շատ հարցեր է տեսնում, որոնց լուծման համար, օրենսրդրական փոփոխություններից բացի, կարևորում է նաև նոտարների աշխատանքը: Նոտարական պալատի ընդհանուր ժողովի ժամանակ արդարադատության նախարարը նշեց, որ անցած տարիներին նոտարական համակարգը բավականին լուրջ փոփոխություններ է կրել, սակայն եթե ներկա դրությունը համարեն օպտիմալ վիճակ, ապա կստացվի ինքնախաբեություն: «Եթե յուրաքանչյուրդ արդար լինեք ձեր խղճի հանդեպ, կհասկանաք, որ շատ հարցեր դեռ լուծված չեն: Դրա հիմնական ցուցիչը ժողովրդի վերաբերմունքն է համակարգի և նոտարների նկատմամբ: Դուք կոչված եք ծառայություններ մատուցելու և պետք է պատրաստ լինենք ձեր ծառայությունը բարեխղճորեն կատարելու: Մենք առաջրկա ամիսներին հանդես կգանք օրենսդրական նախաձեռնություններով, և, բնականաբար, այստեղ ձեր յուրաքանչյուրի ակտիվությունը շատ կարևոր կլինի: Հակառակ դեպքում, դուք չեք լինի գնացքում, այլ կլինենք գնացքի հետևից վազողների շարքում»,- դիմելով նոտարներին` ասաց նախարարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննես Մանուկյանը առանձնացրեց այն խնդիրները, որ նկատել է նոտարական համակարգում: «Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է գործունեության արդյունավետության բարձրացման համար: Նոտարական համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի  ներդրումը  ևս առաջիկայի կարևոր խնդիրներից է: Խնդիր է նաև այն, որ շատ արագ կարողանանք լուծել նոտարի հասանելիությունը անհրաժեշտ ռեեստրներում: Նոտարական էթիկայի հետ կապված հիմնահարցերը ևս կարևոր են, քանի որ յուրաքանչյուրը պետք է իր անձի և համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտ ստեղծի»,- նշեց նախարարը:

Նա կարևորեց էլեկտրոնային նոտարիատի ներդրումը, որը կբացառի փաստաթղթրի կեղծման հավանականությունը և կապահովի հաշվառման բարձր որակը: Մանուկյանը նաև անհրաժեշտ է համարում  նոտարի գույքային սահմանների հստակեցումը, որպեսզի նոտարի կողմից գործունեության իրականացման հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի:

«Բազմաթիվ խնդիրներ են լինում կապված ժառանգության գործարքների հետ, պետք է մտածել այս գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին: Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածության խնդիրը ևս բավական երկար ժամանակ գոյություն ունի: Խնդրի լուծման տարբերակներից մեկն է բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելը»,- նկատեց նա:

Անդրադառնալով նոտարական ծառայությունների սակագներին` նախարարը նշեց, որ ներկա սակագները օպտիմալ մակարդակում են, սակայն արդյունավետության բարձրացման խնդիր կա` կապված նոտարների հարկման հետ:

Ժողովի վերջում դիմելով նոտարներին` նա ասաց, որ համատեղ աշխատանքը կստացվի միայն այն պարագայում, երբ յուրաքանչյուրը կփորձի բարելավել իր աշխատանքի որակները: «Դուք կունենաք աջակցություն և բարեհաճ վերաբերմունք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք այս ուղղություններով, և ես կզգամ, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքը բարելավելու համար»,- շեշտեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am