Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է ավելի ուժեղացնել հայերի դեմ ատելությունը

Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է ավելի ուժեղացնել հայերի դեմ ատելությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը շարունակում է ԼՂՀ անվտանգության ուժերի կողմից  Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին իրենց ժողովրդին ներկայացնել «հայրենասերներ», «հերոսներ»` քողարկելով նրանց ԼՂՀ տարածք մուտքը անհեթեթ պատճառաբանություններով` պաշտոնական մակարդակով հայտարարելով, թե նրանք, իբր, Քարվաճառ են գնացել իրենց հայրենի վայրերը տեսնելու համար:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության եւ ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 214 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիեւը (ծնվ.1968 թ.) եւ Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ.1960 թ.), եւս մեկ դիվերսանտ` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

 Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թ. ծնված Մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թ. ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին:  ԼՂՀ գլխավոր դատախազությունում  հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ:   

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում սպառնացել է, որ եթե «հայերը ազատ չարձակեն եւ նրանց նկատմամբ վատ վերաբերվեն, ապա հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում ավելի կուժեղացվի»:

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ Ստեփանակերտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները չեն կարողացել հանդիպել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Նա հայտարարել է, որ հայկական կողմը, իբր, խախտում է գերիների եւ պատանդների վերաբերյալ միջազգային նորմերը` խուսափելով նշել, որ դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով, դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասքերովը «իսկական հայրենասերներ են»: «Ափսոս, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք դատապարտում են Դիլգամին եւ Շահբազին, բայց նրանք շատ հայրենասեր մարդիկ են: Կոչ եմ անում վերջ դնել նրանց դատապարտումներին», -ասել է նա:

Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե հայկական կողմը վատ վերաբերվի իրենց քաղաքացիների նկատմամբ, ապա իրենք էլ նույն կերպ կվարվեն հնարավոր հայ գերիների նկատմամբ: Հայտնի է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ինչպիսի դաժան խոշտանգումների են ենթարկել մոլորությամբ ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ Տավուշի շրջանի տարեց եւ երիտասարդ բնակիչներ Մամիկոն Խոջոյանի եւ Արսեն Խոջոյանի հետ, եւ կալանավայրում սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին:

Արդրբեջանում ստեղծված` Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների «Իրավունքների պատպանության կոմիտեի» ղեկավար Էլխան Սալահովը երեկ Բաքվում հայտարարել է, որ ադրբեջանցիների այդ քայլը «պետք է գնահատել որպես հերոսության օրինակ, ինչպես դա արվել է Ռամիլ Սաֆարովի, Մուբարիզ Իբրահիմովի դեպքերում» (Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հայ սպային, իսկ Մուբարիզ Իբրահիմովը ներխուժել էր ԼՂՀ տարածք եւ սպանել մի քանի խաղաղ բնակչի):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am