Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Քարվաճառի դիվերսիոն գործողության դեպքով հարուցված քրեական գործը տանելու ենք մինչեւ վերջ. Սեյրան Օհանյան

Քարվաճառի դիվերսիոն գործողության դեպքով հարուցված քրեական գործը տանելու 
ենք մինչեւ վերջ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիվերսիոն հետախուզական գործունեություն իրականցնող խմբերում ներառում է նաեւ հանցավոր խմբերի, ովքեր ծանոթ են տարածաշրջանին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ` սա Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որն ըստ նախարարի, հստակ կերպով երեւաց նաեւ Քարվաճառում իրականցված դիվերսիոն հետախուզական գործունեության ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել եւ դիվերսիոն խմբի անդամները պատասխան են տալու հայկական օրենքներին եւ միջազգային նորմերին համապատասխան: Նախարարը վստահեցնում է, որ հետեւելու են գործի ընթացքին մինչեւ վերջ:

«Ադրբեջանը շատ հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Սահմանին լարվածություն ստեղծելով` Ադրբեջանը փորձում է քաղաքական եւ միջազգային հարցեր լուծել, խնդիրներ հարուցելով միջազգային այն կազմակերպությունների համար, ովքեր զբաղվում են ԼՂ հակամարտության խնդրով: Ադրբեջանը չի հասկանում, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն չեն ցանկանում պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրեցին պատերազմ եւ մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի զիջումներ ունենալու ակնկալիքով»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ երկխոսությունն ու վստահության մթնոլորտը միակ ճանապարհն է, որով հնարավոր է ԼՂ խնդիրը հասցնել խաղաղ կարգավորման:

Նախարարի գնահատմամբ` բազմաթիվ անհատներ փորձում են գնահատական տալ եւ խոսել ծառայության թերի կողմերի մասին, սակայն նրանք, ովքեր եղել են սահմանագծի տարբեր հատվածներում եւ հատկապես Քարվաճառում, գիտեն, որ պայմանները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ փակել սահմանը: «Նման դեպքեր եղել են նախկինում եւ փառք տանք մեր զինվորիներին, որ կարողացել են հայտնաբերել եւ վնասազերծել դիվերսանտներին: Քարվաճառի դեպքով քրեական գործ է հարուցվել եւ այն մինչեւ վերջ տարվելու է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի` միջազգային հանրությունից սպասելիքների մասին հարցին` Սեյրան Օհանյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը համամիտ են այն առաջարկություններին, որոնք ներկայացնում է Հայաստանը. այն է` ստեղծել վստահության մթնոլորտ, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից եւ զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից: «Մենք դա բազմիցս հորդորել ենք եւ բոլոր հանդիպումների ժամանակ կոչ արել, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Բայց մենք գործ ունենք հարեւանի հետ, որն այլ կերպ է մտածում եւ այս պարագայում մենք պետք է մեր սկզբունքները պահպանենք ու արժանի հակահարված տանք խախտումները կանխարգելելու համար»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով, ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տար սահմանին կատարված դեպքերին եւ մատնանշներ այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, նախարարը նկատեց, ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարության նշաններ է դնում իր հայտարարություններում, որպեսզի ստեղծված փխրուն իրավիճակը չվերածվի մեծ բախումների:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված ԿարինեԴավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am