Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Գալուստ Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ 
Վալենտինա Մատվիենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները` վստահություն է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Նա կարեւոր է համարել առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը:

Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ է փաստել միջռեգիոնալ հաջող համագործակցությունը` նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի եւ քաղաքների հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն` Վալենտինա Մատվիենկոն բարձր է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունել է 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարեւոր եւ անհրաժեշտ է համարել համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի հետագա ընդլայնումն ու խթանումը, ինչը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: «Յուրաքանչյուր այց, պաշտոնական հանդիպում կարեւոր ուղենիշ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում»,-ասել է Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանականների եւ պաշտոնյաների հանդիպումների պարբերական բնույթը, խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաեւ համագործակցության լայն շրջանակները վերստին հաստատում են քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ ռազմավարական ոլորտներում փոխգործակցության դաշնակցային մակարդակը:

ԱԺ նախագահի խոսքով` երկկողմ փոխգործակցության, ինչպես նաեւ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը: «Վստահորեն կարող եմ նշել, որ խորհրդարանական համագործակցությունը կրում է վերընթաց եւ պարբերական բնույթ: Այդ համատեքստում իր կարեւոր դերն ունի Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը»,- նշել է ԱԺ նախագահը: Ըստ ԱԺ նախագահի` երկկողմ համագործակցության կարեւորագույն ուղղություններից է նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության խթանումը, եւ Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ առաջնահերթ ստեղծելով բարենպաստ ներդրումային մթնոլորտ: Գալուստ Սահակյանը նշել է, որ վերընթաց բնույթ է կրում նաեւ միջտարածաշրջանային համագործակցությունը, կայուն փոխգործակցություն է նկատվում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պարոն Սահակյանը տիկին Մատվիենկոյին հրավիրել է մասնակցելու 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել ՌԴ Դաշնության Խորհրդի պատվավոր հյուրերի գրքում եւ տիկին Մատվիենկոյի ուղեկցությամբ շրջայց կատարել Դաշնության Խորհրդի շենքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am