Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքագետը Թուրքիայի կողմից սահմանը բացելու բազմաթիվ հայտարարություններ է կանխատեսում

Թուրքագետը Թուրքիայի կողմից սահմանը բացելու բազմաթիվ հայտարարություններ է 
կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանի բացման մասին թուրքական «Taraf»-ի կողմի տեղեկատվության տարածման նպատակն էր շոշափել տրամադրություններն ու այդ կերպ փորձել հասկանալ նաեւ հասարակության վերաբերմունքը: Հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով հենց սկզբից էլ կասկածանքով է վերաբերվել թուրքական լրատվամիջոցներում շրջանառված եւ ԱԳՆ-ի կողմից արդեն հերքված տեղեկատվությանը, որ հայ-թուրքական սահմանն աշնանը բացվելու է: Սահմանը վստահաբար չի բացվի, սակայն թուրքագետը խորհուրդ է տալիս առավել լրջությամբ վերաբերվել հատկապես «Taraf»-ի տարածած տեղեկություններին: «Առաջին անգամ չէ, որ «Taraf»-ը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տեղակություններ է տարածում, որոնց մի մասը, հետագայում հաստատվում են»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Շաքարյանը:

Որ նման հայտարարություններ մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը շատ կլինեն` թուրքագետը չի բացառում: Դրանց նպատակն է լինելու աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան որեւէ խնդիր չունի հայերի եւ Հայաստանի հետ: Հենց այս համատեքստում է Շաքարյանը գնահատում ապրիլի 23-ին Էրդողանի ուղերձն ու վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածը:

Թուրքագետի դիտարկմամբ` Թուրքիան փորձում է Հայոց ցեղասպանությունը «ընդհանուր ցավի» ներքո ներկայացնել, սակայն թե’ այդ փոփոխությունները, թե’ բարձրաստիճան  պաշտոնյաների ուղերձները գաղափարական առումով ոչինչ չեն փոխում, քանի որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջադրում է երեք պայման` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, հրաժարվել տարածքային պահանջներից եւ ԼՂՀ հարցում ունենալ միակողմանի զիջումներ:

«Դավութօղլուի` վերջերս հրապարակած հոդվածում ակնհայտ էր, որ այս երեք պահանջները շարունակում են մնալ օրակարգային Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ոչ մի բան չի փոխվել: Բառապաշարը գուցե փոխված է, եւ ժխտողականությունը դիվանագիտորեն է մատուցվում եւ խոսվում ընդհանուր ցավի մասին, բայց հիմնական գաղափարախոսությունը չի փոխվել: Թուրքիան հին երգն է երգում, բայց ավելի գեղեցիկ ու իմաստուն կերպով ոճավորված»,- ասաց Շաքարյանը: Թուրքագետի գնահատմամբ` այսօրվա Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելիս, Էրդողանի համար ավելի դյուրին է սահմանը բացել, քան հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել: Նրա ներկայացմամբ, Մեջլիսում ԱԶԿ-ն չունի պատգամավորների անհրաժեշտ քանակը, որով կարողանա վավերացնել արձանագրությունները, մինչդեռ մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան, ի տես ամբողջ աշխարհի, կարող է բացել սահմանը, եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո, ասենք, հայ-ադրբեջանական սահմանի որեւէ միջադեպով կրկին փակել այն:   Ըստ թուրքագետի, ամենաիրատեսականն այն կլինի, որ հայկական կողմը չբավարարվի հայ-թուրքական սահմանի բացելով եւ պահանջի դիվանագիտական հարաբերություններ և այլ գործողություններ, որոնք կամրապնդեն սահման բացելու որոշումը: «Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ սահման բացելը դրական, բայց ոչ բավարար քայլ է»,- նշեց Շաքարյանը` հստակեցնելով, որ Թուրքիան կարող է բացել սահմանը զուտ մարդկանց ելումուտի համար, բայց դա որևէ տնտեսական խնդիր չի լուծի:

Ըստ Շաքարյանի, միանշանակ չէ նաեւ սահմանի բացման վերաբերյալ երկու երկրների հասարակությունների վերաբերմունքը:Կարսի, Իգդիրի շրջանում, թեպետ բնակչության 50 տոկոսը ադրբեջանցիներ են եւ այնտեղ տիրում է առավելապես հակահայկական տրամադրվածություն, սակայն այնտեղ հասկանում են, որ սահմանի բացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ու տնտեսական ակտիվությանը: Շաքարյանը խոստովանում է, որ վերջերս եղել է Գյումրիում եւ գրեթե նույն տրամադրվածությունն էլ այնտեղ է: «Սահմանի բացում նրանք ընկալում են, որպես տնտեսական վերածննդի, թարմ օդ շնչելու հնարավորություն»,- ասաց Շաքարյանը` հավելելով, որ հայ հասարակության մոտ բացասական մոտեցումը թուրք պետության դեմ է, սակայն թուրք ժողովրդի եւ թուրքերի հետ բիզնես անելու խնդիր կարծես թե չկա:

Թուրքական «Taraf»-պարբերականը գրել էր, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը բացվի: Հետագայում, սակայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը: Մինչ այդ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Foreign policy կայքում հոդված էր տպագրել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ շեշտել, իբր, Հայոց ցեղասպանությունը երկու հասարակությունների ընդհանուր ցավն է, որ նախորդ դարի սկզբին, հայերի պես թուրքերն էլ են ողբերգություն ապրել: Միաժամանակ, Դավութօղլուն, կրկին նախապայմաններ առաջ քաշելով, շեշտել որ, որ Հարավային Կովկասում կա չլուծված հակամարտություն եւ հայ-թուրքական հարաբերությունները կարող են հաստատվել միայն այդ հակամարտության կարգավորումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am