Սփյուռք

Հայաշատ Հալեպը հոսանքազրկված և ջրազրկված է

2 րոպեի ընթերցում

Հայաշատ Հալեպը հոսանքազրկված և ջրազրկված է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ժողովուրդը տառապում է հոսանքի և ջրի սուրբացակայությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը վատթարացնում է նաև ամառվա 40-ից ավելի ջերմաստիճանով տապը: Մյուս կողմից, թեև փոքր-ինչ թեթևացել են բախումները և պայթյունները, այնուամենայնիվ, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրասանդներն ու հրթիռները շարունակում են վտանգել խաղաղ բնակչության կյանքը:

Սիրիական բանակը շարունակում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում պայքարել զինված ընդդիմադիրների դեմ: Բանակը կանխել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս զինյալների ներխուժելու փորձը: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Հալեպի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար և այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է` ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում