Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայաստանը ցանկանում է պատշաճ տեղ գրավել ինդոնեզական 200 միլիոնանոց շուկայում

Հայաստանը ցանկանում է պատշաճ տեղ գրավել ինդոնեզական 200 միլիոնանոց 
շուկայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուտք դեպի ինդոնեզական 200 միլիոնանոց շուկա և համառակը. «Պատուհան դեպի Ինդոնեզիա 2014» եռօրյա ցուցահանդեսի նպատակն է մերձեցնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Երևան-Էքսպո» համալիրում անցկացվող ցուցահանդեսն իրականություն է դարձել Ինդոնեզիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ` Երևանում Ինդոնեզիայի պատվո հյուպատոսի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությամբ: «Պատուհան դեպի Ինդոնեզիա 2014» եռօրյա ցուցահանդեսի ժամանակ նախատեսված է ինդոնեզական ապրանքների, նորաձևության ցուցադրություն, բատիկայի ուսուցում, մշակութային ծրագիր, ինդոնեզական խոհանոցի ներկայացում:


ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպան Նինիկ Կուն Նարյատիի (նստավայրը` Կիև) խոսքով` նման ցուցահանդես կազմակերպելը դժվար է, բայց ոչ անհնար: «Ամենամեծ դժվարությունը երկու երկրների միջև տարածությունն է: Բայց միշտ պետք է մեկ քայլից սկսել, որ շարունակվի ավելի խորը համագործակցությունը: Անցյալ տարի այն անցկացվել է Կիևում, այս տարի` Երևանում: Մենք հնարավորություն ենք ընձեռնում գործարար շրջանակներին ունենալ մի ֆորում, որի ժամանակ կարելի է ծանոթանալ միմյանց ու երկու երկրների մշակույթների հետ»,- ասաց դեսպանը` ներկայացնելով այն ապրանքերի ու տաղավարների շարքը, որոնք ներկայացված են ցուցահանդեսին: «Այս ցուցահանդեսին ներկայացված են համեմունքներ, թեյ ու սուրճ, կահույք, ոսկերչական իրեր, ձեռքի աշխատանքներ, ավանդական ուտելիքներ, ինչպես նաև տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպություններ»,- հայտնեց դեսպանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասերյանի հավաստմամբ` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ինդոնեզիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք ունենք բարձր մակարդակի քաղաքական համագործակցություն և գիտենք, որ ունենք հնարավորություն զարգացնելու նաև տնտեսական հարաբերությունները, իսկ մշակութային կապերն ամեն տարի ավելի սերտ են դառնում: Ես համոզված եմ, որ «Պատուհան դեպի Ինդոնեզիա» ցուցահանդեսը իդեալական ձևաչափ է քննարկելու մեր երկու երկրներում բիզնես մթնոլորտը, որը համապատասխան հիմք կդնի հետագա տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- եզրափակեց փոխանախարարը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի կարծիքով` երկու երկրների տնտեսական հարաբերությունները ոչ պատշաճ մակարդակի վրա են: «Հայաստանի ու Ինդոնեզիայի առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է ընդամենը 28 միլիոն ԱՄՆ դոլար: Ինչպես գիտեք, մեր կառավարությունը որդեգրել է Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն, և համոզված եմ, որ Հայաստանն ունի այնպիսի ապրանքներ, որոնք կարող են իրենց պատշաճ տեղը գրավել ինդոնեզական 200 միլիոնանոց շուկայում»,- ընդգծեց փոխնախարարը`շեշտելով, որ հայ զբոսաշրջիկներն իրենց համար արդեն բացահայտել են ինդոնեզական Բալի կղզին` որպես տուրիստական գոտի:

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանն էլ ուրախությամբ փաստեց, որ ինդոնեզական ապրանքների ցուցահանդեսը հաջորդեց հաջողությամբ պսակված իրանական ու իրաքյան ցուցահանդեսներին: Իսկ հարցին, թե ինչով է տարբերվում «Պատուհան դեպի Ինդոնեզիա 2014» ցուցահանդեսը մյուսներից, նա նշեց. «Այն առաջին անգամ է կայանում Հայաստանում, և մենք տեսնում ենք մեծ հետաքրքրություն գործարարների կողմից»:

Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 22-ին:
1992թ. հունվարին  ԻՀ կառավարությունը ճանաչել է ՀՀ-ի անկախությունը: 2012 թվականի օգոստոսին ՀՀ կառավարության և ԻՀ կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am