Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժխտողականության դեմ չպայքարելը նշանակում է ցեղասպանության խրախուսում. Էդուարդ Շարմազանով

Ժխտողականության դեմ չպայքարելը նշանակում է ցեղասպանության խրախուսում. 
Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության դատապարտումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային անկյունաքարերից մեկն է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:  «Մենք տեսնում ենք, որ 99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ: Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կօգնի Թուրքիային և իր ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շարմազանովը:

ԱԺ նախագահի պաշտոնակատարը համոզված է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդդիմություն թե իշխանություն, ռամիկ թե ռանչպար, սփյուռքահայ թե Հայաստանի բնակիչ պետք է միաբանվեն և պայքարեն այս ոճիրի դեմ: «Քանի դեռ Հայոց Ցեղասպանությունը չի դատապարտվել, քանի դեռ մարդկային հասարակությունը կարող է լռել, վտանգներ կան, որ նոր ցեղասպանություններ կկրկնվեն»,-ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ ժխտողականության դեմ չպայքարելը գրեթե նշանակում է ցեղասպանության խրախուսում:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am