Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց 
ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճիրի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` անմար կրակի մոտ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, պաշտոնատար անձիք գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայրենակցական միությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am