Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սերժ Թանկյանը Թուրքիայի ժողովրդին ինքն իրեն գտնելու կոչ է արել

Սերժ Թանկյանը Թուրքիայի ժողովրդին ինքն իրեն գտնելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թե’ հայերը և թե’ թուրքերը արժանի են ունենալ այնպիսի ղեկավարներ ու կառավարություն, որոնք իսկապես հավասարապաշտ են, ժողովրդավար և կաշառակեր չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին Թուրքիային ուղղած իր նամակում գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը: Նամակի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի սիրելի’ ժողովուրդ,

Անունս Սերժ Թանկյան է: Ես Լիբանանում ծնված նոր զելանդացի-ամերիկացի հայ եմ: Իմ զույգ պապերն ու տատերը գալիս են այն վայրերից, որը ներկայում Թուրքիա է կոչվում: Ստեփան անունով պապս Կեսարիայի Էֆքերե (Բահչելի) շրջանից էր, իսկ Վարսենիկ տատս` Թոքաթից:

Մյուս պապս ու տատս Դյորթյոլից ու Ուրֆայից էին: Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը ազատ կամքով չի լքել:

Նրանք բոլորն էլ սարսափելի Ցեղասպանությունը վերապրածներ են, որն իրականացվել է Օսմանյան կայրսության վերջին օրերին կառավորության գլուխն անցած իթթիհատականների կողմից:

Բոլորն էլ այդ ժամանակ երեխաներ էին: Ստեփան պապս փրկվել էր և որոշ ժամանակ ապրել էր ամերիկյան, ապա հունական որբանոցներում` նախքան որպես գաղթական Լիբանան հասնելը: Վարսենիկ տատս և նրա տատը կոտորածից փրկվել էին թուրք քաղաքապետի շնորհիվ, որը վտանգել էր իր կյանքն արդար գործ անելու համար:

Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվների պատմությունները չեն: Այս պատմություններն իմ ընտանիքի պատմություններն են:

Ավելի քան 6 հարյուր տարի առաջ այն երկիրը, որտեղից պապերս են եկել, հայտնի էր որպես պատմական Հայաստան: Երբ մարդաբանները հետազոտություն կատարեն Թուրքիայում, նրանք կգտնեն մեր մշակույթի մնացորդները հույն-հելենական և այլ քաղաքակրթությունների կողքին:

Թուրքիան շատ կարևոր է ինձ համար ոչ միայն այն պատճառով, որ իմ պապերն այնտեղից են եկել, այլև քանի որ իմ ողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի խլվել են նրանից ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանները փոփոխության ենթարկելու, այլ իթթիհատական կառավարության վայրագ հրահագների պատճառով: Ի՞նչ նշանակություն ունի այս ամենը մեզ համար այսօր: Շատ պարզ է: Մենք` հայերս, չենք ցանկանում ճնշել Թուրքիային կամ առաջացնել ցեղային պառակտում, մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի պատմությանը:

Արդյոք Էրդողանի կառավարությո՞ւնը այս հարցում ճիշտ քայլ պետք է կատարի: Չեմ կարծում: Այդ գործը ոչ էլ զինվորական ատյանը կկատարի, որը ժամանակակից պատմության ընթացքում իշխել է Թուրքիայում:

Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում ժխտելու համար այս իրականությունը` օտար երկրների մայրաքաղաքներում տարբեր լոբբիստական կազմակերպություններ գործի դնելով և տարբեր համալսարաններում նախագահի պաշտոններ ստեղծելով, որպեսզի իրենց հարմար իրականություն հյուսեն: Գիտե՞ք, թե դա ինչ նշականություն ունի մեզ` հայերիս համար: Գիտե՞ք, թե դա մեզ համար ինչ ցավալի է: Բավական չէ՞, որ ես պատմության սարսափելի ողբերգություն վերապրածի թոռ եմ: Անհրաժեշտ է, որ ես միջազգային հարթակներո՞ւմ պայքարեմ քարոզչության և կաշառակերության դեմ արդարության հաստատման համար:

Թուրքիայի` ինքն իրենք գտնելու ներկա վայրիվերումներում մենք` հայերս, մեծ կապ ունենք: Մեր պատմությունները, աշխարհագրությունները, արյունն այնքան մոտ են իրար, որ չենք կարող այս հարցում լուծում չգտնել:

Թե’ հայերը և թե’ թուրքերը արժանի են ունենալ այնպիսի ղեկավարներ ու կառավարություն, որոնք իսկապես հավասարապաշտ են, ժողովրդավար և կաշառակեր չեն:

Ավարտելով` կուզեմ շնորհակալություն հայտնել այն բոլոր հիանալի մարդկանց, ում հանդիպել եմ Թուրքիայում, և ովքեր ինձ հետ կիսել են իրենց պատմությունները` երաժշտական շրջագայության ժամանակ և համացանցում, և ովքեր ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մոտեցման հույս են ներշնչել:

Իմ մաղթանքը քեզ, Թուրքիայի սիրելի’ ժողովուրդ, որ կարողանաս իսկապես քեզ գտնել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am