Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երեք նոր ավիաընկերություն մուտք են գործում հայկական ավիափոխադրումների շուկա` կանոնավոր չվերթներով

Երեք նոր ավիաընկերություն մուտք են գործում հայկական ավիափոխադրումների շուկա` 
կանոնավոր չվերթներով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք նոր ավիաընկերություն փորձում են մուտք գործել հայկական ավիափոխադրումների շուկա և իրականացնել կանոնավոր չվերթներ: Դրան զուգահեռ, Հայաստանի ավիաշուկայում ավանդաբար թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն էլ ավելացրել են իրենց չվերթների քանակը և ուղղությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային  փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը: «Մարտի 30-ից մեկնարկել է ամառային նավիգացիոն շրջանը, որի համար մենք արդեն ստացել ենք հայտեր երեք ավիաընկերություններից, թույլտվությունը տրված է, այժմ թղթաբանական հարցերն են կարգավորովում: «Etihad» ավիաընկերությունը ցանկանում է իրականացնել Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի ուղղությամբ չվերթներ, իրանական «Kish Air» ընկերությունն էլ դիմել է Թեհրան-Երևան-Թեհրան ուղղությամբ, իսկ թաթարական «Ak Bars»-ը` Կազան-Երևան-Կազան ուղղությամբ չվերթներ իրականացնելու համար»,-ասաց Հրանտ Միրզոյանը` նշելով, որ կան ավիաընկերություններ, որոնք նոր ուղղություններով են սկսել թռչել, օրինակ, «Ուրալյան ավիաուղիներ»-ը` Երևան-Մոսկվա ուղղությամբ:

Հրանտ Միրզոյանը ներկայացրեց 2013-2014 թթ. ամառային նավիգացիոն շրջանի համեմատությունը` ըստ չվերթների, դրանք կատարող ավիաընկերությունների և ուղղությունների:  «Ամառ 2013-ին շաբաթական ունեցել ենք 199 չվերթ, Ամառ 2014-ին` 227,  այսինքն` այս տարի չվերթների հաճախականությունների թիվն ավելացել է: Ամառ 2013-ին ավիաընկերությունների քանակը եղել է 36, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածում չվերթներ է իրականացնում 34 ավիաընկերություն: Նախորդ տարի 36 ավիաընկերություն թռել է 58 ուղղություններով, իսկ այս տարի 34 ավիաընկերություն` 51 ուղղություններով»,-ասաց Հրանտ Միրզոյանը` չվերթներ իրականացնող ավիաընկերությունների և ուղղությունների նվազման պատճառը կապելով աշխարհաքաղաքական զարգացումների հետ:

«Եթե նախկինում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը թռչում էր Կիև, Դոնեցկ, Օդեսա, Սիմֆերոպոլ, այսօր թռչում են միայն Կիև` վերջին իրադարձությունների պատճառով»,-փաստեց Հրանտ Միրզոյանը:

Խոսելով «Բաց երկնքի» քաղաքականության արդյունքների մասին` Հրանտ Միրզոյանը նշեց, որ դրանք առաջանցիկ չեն` պայմանավորված ավիացիոն շուկայի առանձնահատկություններով: «Ավիացիոն շուկան բարդ շուկա է, այստեղ ներդրումները շատ մեծ են, քան ակնկալվող եկամուտները: Ներդրում կատարողները պետք է հաշվի առնեն, որ առաջին 2-3 տարում պետք է աշխատեն բացասական ցուցանիշով: Արդյոք իրենք դրան պատրա՞ստ են և մրցակցության առկայության դեպքում մեր շուկան իրենց հետաքրքրո՞ւմ է»,-ասաց բանախոսը:
Հայաստանի կառավարությունը 2013-ի հոկտեմբերի վերջից սկսել է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթացը, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Նախատեսվում է, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, կնվազեն ավիափոխադրումների գները: Ակնկալվում է, որ տոմսերի միջին գները կնվազեն մոտ 10 տոկոսով, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում` պայմանավորված աճած մրցակցությամբ, տարեկան կապահովվի 20-25 տոկոսի ուղևորափոխադրումների աճ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am