Քաղաքացին նռնակ, նռնականետ և փամփուշտներ է թողել «Մորիսի աղբյուրի» տարածքում
19:08, 19 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ի առավոտյան զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք և զինամթերք է թողնում «Կորեայի ձորի» «Մորիսի աղբյուր» կոչվող տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌԳԴ» տիպի նռնականետ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 14.7 մմ տրամաչափի 1, 5.45 մմ տրամաչափի` 104, 7.62 մմ տրամաչափի` 42 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում