Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն 
իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը հագեցած էր թե ներհայաստանյան քաղաքական ու հասարակական ոլորտներում, թե աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով:

Ներհայաստանյան իրադարձություններ 

Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նոր ձևավորվող կառավարության հարցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը վերանշանակվեցին նախարարական իրենց պաշտոններում: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Դավիթ Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում:

ՕԵԿ քաղխորհրդի` ապրիլի 16-ի նիստի արդյունքում հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը խնդրահարույց և ոչ նպատակահարմար է համարում ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարության մաս կազմելը: Բացի այդ, ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի` կուսակցությունից դուրս գալու մասին դիմումները:

Նոր ձևավորվելիք կառավարության մաս չկազմելու իր մտադրության մասին հայտարարեց նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը: Կուսակցության հայտարարության համաձայն` ՀՅԴ-ն կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում` ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել իր դավանած ազգային-պետական արժեքների շուրջ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնն ստանձնելուց հետո ապրիլի 17-ին առաջին անգամ վարեց ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ներառված էր 30 հարց: Գործադիրն իր նիտում որոշեց, որ կառավարությունը մասնակի փոխհատուցելու է անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի արժեքը:

Նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ առաջիկայում փոքր և միջին բիզնեսի համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ և հարկային դաշտ: Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ և ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը: Վարչապետը հայտարարեց, որ աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է կառավարության առաջնահերթ խնդիրը: «Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»,- հայտարարեց վարչապետը:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը հերթական հանդիպման ժամանակ քննարկեցին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:  Քննարկման արդյունքում որոշվեց հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվի փոփոխություններ մտցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում՝ ելնելով օրենքի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշումից:

ՀՀ նորանշանակ վարչապետը հանդես եկավ կուտակայինի հարցով տույժերի հաշվարկը ժամանակավորապես կասեցնելու առաջարկով: Կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև ՍԴ-ի 2014թ. ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն ԱԺ-ի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ նախագահական նստավայրի մոտ ակցիա իրականացնող «Դեմ եմ» շարժման մասնակիցներին: Նա նախ լսեց նրանց պահանջը, ապա դիմեց շարժման մասնակիցներին: Վերջիններիս Հովիկ Աբրահամյանը կոչ արեց երկխոսություն սկսել: Շարժման ակտիվիստներն ընդգծեցին, որ կառուցողական են գնահատում վարչապետի քայլը և պատրաստ են քննարկել նոր մշակվող օրինագծի դրույթները: Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին խոստացավ լուծումներ տալ «Դեմ եմ» շարժման բարձրացրած հարցերին:

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցություն

ՀՀ նորանշանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:  Վարչապետը հանձնարարեց պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, երբ ավարտված լինեն հիմնական ապրանքատեսակների շուրջ Հայաստանին բացառություններ սահմանելու բանակցությունները:

Իսկ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու հարցը կքննարկվի Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: «Ապրիլի 29-ի նիստի ժամանակ որոշում կկայացվի, թե ճանապարհային քարտեզով Հայաստանն ուր է հասել, թե ինչպիսի պայմանագիր կնախապատրաստվի, ինչպես նաև հնարավոր է պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ հստակեցում լինի»,-ասաց Վահրամ Ավանեսյանը` նշելով, որ որեւէ փաստաթղթի ստորագրում հնարավոր է մայիսի վերջ- հունիսին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունումը հերթական հիստերիան առաջացրեց Թուրքիայում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ օրինագծի վերջնական ընդունումը լուրջ հակազդեցություն կարող է առաջացնել պաշտոնական Անկարայում: Թուրքիայի կառավարությունում վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի գլխավորությամբ ստեղծվեց հատուկ խումբ, որը պետք է ակադեմիական եւ քաղաքական դաշտում հակագործողություն ծավալի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հայկական սփյուռքի աշխատանքների դեմ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը նամակով դիմեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին եւ փոխնախագահ Ջիանի Պիտելային` կոչ անելով հանդես գալ հատուկ բանաձևով և 2015  թվականը հռչակել «Հիշողության և գիտակցումի» տարի:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ և 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ երկրներում: Ամերիկայի հայկական թանգարանում ապրիլի 27—ին կբացվի Հայոց ցեղասպանության, Տիբեթի և Կոնգոյի ցեղասպանություններին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Միջոցառումներ կանցկացվեն նաև Ղրիմում. Սիմֆերոպոլ քաղաքում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ տեղի կունենա «Վառիր հիշատակի մոմը» միջոցառումը: Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ժամանակ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիա տեղացի հայերի կյանքը փրկելու համար: Ապրիլի 24-ին առավոտյան Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն:   

ՀՀ ՊՆ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրություններին: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը հայկական կողմն սկսել է ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացվի նոր մակարդակի: «Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է»,-ասաց Նախագահ Սարգսյանը:

Հայաստանը շատ կարևոր նոր մշակույթի հիմք դրեց. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: «Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում»,-ընդգծեց ՀՀ Նախագահը: 

Սիրիա

Սիրիայում տիրող իրավիճակը շարունակեց անկայուն մնալ նաև անցնող շաբաթ: Դամասկոսի Հայ Կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվեց մեկ, վիրավորվեց մոտ 60 անձ: Ռմբակոծությունից տուժած եւ ֆրանսիական հիվանդանոց տեղափոխված հայ 9 վիրավորներին այցելեցին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի Հայ Առաքելական Թեմի առաջնորդ գերաշնորհ Արմաշ եպս. Նալբանդյանը: Հրթռիակոծության պատճառով 15 օրով փակվեցի Հայ Կաթողիկե «Ալ Մանար» («Փարոս»), ինչպես նաև այլ դպրոցներ:

Իր հերթին հրասանդների և հրաձգության թիրախում հայտնվեց Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը. ապրիլի 16-ի առավոտյան զոհվեց սիրիական բանակի հայ զինծառայող, 20-ամյակը դեռ չբոլորած Գոգո Աշնագլյանը: Ապրիլի 17-ին Հալեպում ևս մեկ հայ վիրավորվեց. 1966թ. ծնված Կարո Ավագյանը հրազենային վիրավորում ստացավ Ջաբրիի շրջանում:

Քեսաբի հարցի շուրջ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնախմբի նախագահ Կոնստանտինոս Ցիարասի հետ: Վերջինս հանձն առավ խորհրդարանի Պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնախմբի լիագումար նիստում ներկայացնել Քեսաբի հարցի բոլոր ծալքերը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 ԱՄՆ դոլարը, փոխանցվեց Լաթաքիայի շտապօգնության մարմնին, իսկ Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամը ևս 100 հազար ԱՄՆ դոլար  փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին: Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հավատացյալների միջոցներով գոյացած 56 հազար դոլարը ևս փոխանցվեց  սիրիահայության աջակցությանը: Ռազմական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը մեկնեց Սիրիա` մարդասիրական բեռ Լաթաքիա հասցնելու առաքելությամբ: Այն ներառում էր սննդամթեք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության իրեր՝ ընդամենն ավելի քան 14 տոննա բեռ:

 Ուկրաինա

Ուկրաինայում տիրող իրավիճակն անցնող շաբաթ ևս շարունակեց մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ապրիլի 17-ին Ժնևում մեկնարկեցին Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի բանակցությունները: Արդյունքում ընդունվեց Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Փաստաթուղթը պահանջում է, որ կողմերը պետք է հրաժարվեն բռնության գործադրումից կամ սադրիչ գործողություններից: Միաժամանակ, չորս պետությունների ներկայացուցիչները քննադատել են երկրում ռասիզմի, կրոնական անհանդուրժողականության եւ ծայրահեղականության ցանկացած դրսեւորում: 

Ժնևյան պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում պաշտոնական Կիևը հանդես եկավ հայտարարությամբ. Ուկրաինայի նոր իշխանությունները պատրաստ են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ տարածաշրջաններում անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Այս մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց հատուկ հեռուստաուղերձի ժամանակ: Նա նաեւ նշեց, որ Գերագույն Ռադայում կքննարկվի համաներում անցկացնելու վերաբերյալ օրինագիծ:

Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն տվեցին մի բանաձևի, համաձայն որի Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման համար Ռուսաստանի իշխանությունները պետք Է երկոսության մեջ մտնեն Կիեւի գործող կառավարության հետ: Պատգամավորները նաեւ հայտարարել էին, որ «ընթացիկ իրադրությունը պահանջում Է, որ Եվրամիության խորհուրդն ուժեղացնի պատժամիջոցների երկրորդ փուլը եւ պատրաստ լինի երրորդ փուլի գործարկմանը» ՌԴ դեմ:

Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմեց ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի վարկածով՝ «Ուկրաինային հարկավոր Է համակողմանի օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական, որը պետք Է ներառի հակաօդային եւ հակատանկային միջոցներ եւ օգնությունը զինվորական անձնակազմի ուսուցմանը»: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինա ուղարկել լրացուցիչ ռազմական օգնություն:

ՆԱՏՕ-ն ապրիլի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ  գումարեց: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ դաշինքը Ուկրաինայի իրադրության հետ կապված ռազմական պատասխան չի քննարկում եւ քաղաքական ու դիվանագիտական լուծում է ակնկալում: Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները պաշտպանեցին Ուկրաինայի իրադրությունը լիցքաթափելու ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ուղղված կոչը եւ ողջունեցին Ուկրաինայի իշխանությունների «հանգիստ եւ զգուշավոր» գործելակերպը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության հանգուցալուծման համար ուժի կիրառումն անընդունելի է: «Ռուսաստանը կտրականապես դատապարտում Է եւ պահանջում Է դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի ուղարկումը Ուկրաինայի արեւելք, ինչը հակասում Է միջազգային նորմերին»,- ընդգծեց Լավրովը: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը կասեցրել Է Ղրիմից զենքի ու ռազմական տեխնիկայի հանձնումն Ուկրաինային, որպեսզի դրանք չօգտագործվեն այդ երկրի արեւելքի եւ հարավ-արեւելքի խաղաղ բնակչության դեմ:

Ուկրաինայում շարունակվող բախումների հետևանքով Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ հրազենային վնասվածքից զոհվեց ազգությամբ հայ, 29-ամյա Ռուբեն Ավանեսյանը: Վերջինիս մահվան վարկածներից մեկի հանաձայն` անհայտ անձիք փորձել են կանգնեցնել Ավանեսյանի մեքենան, սակայն նա կանգ չի առել, ու նրա ուղղությամբ կրակ են բացել:

Անկախություն հռչակելու մտադրություն հայտնեցին նաև Մերձդնեստրի իշխանությունները, որոնք խնդրեցին Ռուսաստանին՝ չճանաչված հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան անկախ պետություն:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետախուզում հայտարարեց: Յանուկովիչ կրտսեր որդին հետախուզվում է Քրեական օրենսգրքի 366 հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթերի կազմում եւ հանձնում, ինչը հանգեցրել Է ծանր հետեւանքների): Այդ հոդվածի պատժամիջոցները նախատեսում են 2-ից մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am