Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն իշխանություններին առաջարկում է ստեղծել կադրեր ռեզերվ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է Հովիկ Աբրահամյանին` ՀՀ վաչապետի պաշտոնում ընտրվելու համար: Ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած 13 գործիչներից, միայն Անդրանիկ Մարգարյանն ու Տիգրան Սարգսյանն են ամենից շատ պաշտոնավարել և ղեկավարել երկրի տնտեսությունը:
«Ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի կարող ղեկավարել հանրապետության տնտեսությունը, չի կարող հարաբերություններ ունենալ համապատասխան կազմակերպությունների հետ, ինչի պատճառը մեր հանրապետությունում կադրերի բանկ չունենալն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կարծիք հայտնեց Սարգսյանը, ով առաջարկում է իշխանություններին ստեղծել համապատասխան կադրերի ռեզերվ, բանկ:
Նրա հավաստմամբ` քաղաքականության ամենակարևոր չափանիշը երկրի սոցիալ- տնտեսական վիճակն է, մինչդեռ այսօր բավարար չափով արտադրական տեղեր չեն ստեղծվում, արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են:
ՀԿԿ առաջին քարտուղարը, խոսելով ներքին քաղաքականության մասին, ընդգծեց, որ կուսակցությունները հաճախ իրենց հարազատ գաղափարախոսությամբ առաջնորդվելու փոխարեն, անձնավորված են աշխատում:
«Ի՞նչ է նշանակում լինել կոալիցիայի կազմում, զբաղեցնել նախարարի պաշտոն, ապա դուրս գալ այդ կուսակցությունից»,- նշեց բանախոսը:
ՀԿԿ առաջին քարտուղարը գտնում է, որ այն, թե ինչպիսին կլինի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, կախված է նրա ներկայացրած ծրագրերից և դրանց կենսագործման միջոցառումներից:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Սարգսյանը նշեց, որ ՀԿԿ ողջունում է իշխանությունների կողմից Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
Նա քննադատեց այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են շեղել երիտասարդությանը` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելը որակելով որպես անկախության կորուստ:
«Ինչպիսի միության մեջ էլ մտնենք, առաջինն ազգի անվտանգության պահպանության խնդիրն է, իսկ այդ հզոր միության մեջ մեր անվտանգությունն անխոցելի է»,- շեշտեց քաղաքական գործիչը` հավելելով, որ Մաքսային միության կազմում Հայաստանի գտնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման խնդրի լուծումն առավել իրատեսական է:
«Մենք 70 տարի եղել ենք Խորհրդային Միության կազմում: Մտնելով Մաքսային միություն` մենք կկարողանանք զարգացնել տնտեսությունը»,- ավելացրեց Սարգսյանը` ընդգծելով, որ կուսակցությունը ոչ թե կողմ է իշխանափոխության, այլ համակարգային փոփոխությունների:
ՀԿԿ-ն Հայաստանի տարածքում ունի 45 շրջկոմներ, մի քանիսն էլ առաջիկայում կբացվեն: Կուսակցության անդամների և համակիրների թիվը հասնում է 20 հազարի:
Կուսակցոթյունն առաջիկայում ցանկանում է իրեն տեսնել Ազգային ժողովում` մի շարք խնդիրների լուծմանն աջակցելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում