Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի հայ համայնքը ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դարասկզբի վրացական մամուլի անդրադարձները

Վրաստանի հայ համայնքը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 
վերաբերյալ դարասկզբի վրացական մամուլի անդրադարձները

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայ համայնքը ներկայացրել է դարասկզբի վրացական մամուլի անդրադարձները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կայքէջը, ներկայացնում է այդ անդրադարձները:  

14 ապրիլի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» № 257: Օսմանների երազանքը: Երիտթուրքերի «Տանին» թերթը գրում է. «Օսմանյան կայսրությունը դուրս չի գա պատերազմից, մինչև Ռուսաստանը չթուլանա, և թուրք-ռուսական սահմանը չանցնի կովկասյան լեռնաշղթայով»:

11 հունիսի, 1915թ. թերթ «Սախալխո փուրցելի» №304: Ստամբուլից եկածները պատմում են, որ այնտեղ իրավիճակը սրվում է և օրեցօր դառնում ճգնաժամային: Կախել են 23 հայի, ում վերջերս էին բռնել, նրանց մեջ է Խորհրդարանի պատգամավոր Զոհրաբ բեյը:

Ստամբուլում շարունակվում են հայերի հետապնդումները: Առանց որևէ պատճառի ձերբակալել և մահվան են դատապարտել 20 հայ տղամարդու և 3 հայ կանանց: Բուրլասում և Այվալում ևս ամեն օր հետապնդում են քրիստոնյաներին:

23 հուլիսի, 1915թ., թերթ «Սախալխո փուրցելի», №339: Հուլիսի 20: Ստամբուլում հայերի հետապնդումները ստացել են սիստեմատիկ բնույթ: Աքսորը, պատիժը, ձերբակալությունը դարձել էին սովորական երևույթներ: Հայերի մեծամասնությանը բռնի ուժով ստիպում էին ընդունել իսլամը:

29 հուլիսի, 1915թ., թերթ «Սախալխո փուրցելի», №344: Հինգ օր շարունակ քրդերը կոտորում էին հայերին: Սպանվել է 10 հազար հայ: Կոտորելու պատճառ էին բերում այն լուրերը, թե իբր հայերը պատրաստվում են հեղափոխություն իրականացնել օսմանյան իշխանության դեմ: Սպասնվածների դիակները գցում էին Եփրատ և Տիգրիս գետերը: Ստամբուլում վերջին 7 օրվա ընթացքում կախաղան են բարձրացրել 7 հայ գործիչների:

8 օգոստոսի, 1915թ., թերթ «Սախալխո փուրցելի», №352: Մարդը պետք է նմանվի վայրի կենդանու, որպեսզի փակի աչքերն ու ականջները այն ահավոր դեպքերի վրա, ինչ տեղի էին ունենում: Իմ գրիչը թույլ է, որպեսզի կարողանա փոխանցել այն ողբն ու սրտի ցավերը, որոնք ես տեսա հուլիսի 11-ին Վանում, որը գտնվում է Հայաստանի Բայազետ շրջանում: Միայն կնկարագրեմ դեպքերը:

Հուլիսի 11-ին ռուսական զինվորները նահանջեցին Մուշ-Մալազկերտ-Բիթլիսից, և նրանց հետևեցին հայերը: Միայն Վանի վիլայեթից 200 հազար հայից ոչ պակաս` վազում է, գլուխը ջարդելով, հայ ժողովուրդը: Մեկը ձիով, մեկը ոտքով, մյուսը ցլով... Ժողովուրդը չէր կարողանում իր ուսերին կրել ունեցվածքը և թափում էր ճանապարհին: Գնում է ժողովուրդը ոտաբոբիկ, սոված,  շոգից հյուծված, չորացած բերանով, և ամբողջ ճանապարհը Վանից մինչև Իգդիր լցված էր խեղճ, սոված, տանջված ժողովրդով: Ով հնարավորություն ուներ, օրինակ` հարուստները, նրանք հեշտությամբ փրկվեցին, կառքերով սլացան դեպի Իգդիր:  Դուք երբևէ լսե՞լ եք, որ սովորական անցորդը 6 վերստի ընթացքում վերցնի 2 կնոջ` հենց նոր ծննդաբերած երեխաներով: Մեր ռազմական հոսպիտալը լցվել էր կաղերով, կույրերով, նորածին երեխաներով: Երեկ մենք հանդիպեցինք մի կնոջ` 4 երեխաներով: Մեծը 7 տարեկան էր, չորսամյա աղջիկը հիվանդ էր, և մայրը տանում էր նրան ձեռքերի վրա Վանից կամ էլ Արջինից: Այդպես նրանք անցան 200 վերստից ավելի: Երեխաները ողբում են: Մայրը, նրա վրա սարսափելի էր նայելը: Գզգզված, չորացած բերանով, արցունքները չէին հոսում... չորացել էին... քայլում էր կաղալով: Մոտեցավ մեր վրանին, գետնին դրեց երեխաներից մեկին, անձայն ողբաց, գրկեց նրան, լաց եղավ, հետո վերցրեց և աղաչող հայացքով ուղղեց դեպի ինձ: Այդպիսի լքված բազմաթիվ երեխաների ես հանդիպեցի ճանապարհին: Շատ մահացած երեխաների հանդիպեցի, շատ ողջ ու լքված երեխաների: Միայն նա, ով գրում է այս տողերը, ունի 6-7 վերցրած երեխաներ: Երեխաներից մեկի ծնողները հայտնվեցին: Մնացածը մնացին ինձ մոտ: Բոլորն աղջիկներ էին: Երևի տղաներին ավելի հազվադեպ էին թողնում ճանապարհներին: Բանակն օգնում էր նրանց հնարավորինս: Չէիք տեսնի որևէ զինվորի, որի ուսերին նստած չլիներ գոնե մեկ երեխա: Բայց ո՞վ կարող է փրկել, կերակրել և հոգատարության տակ առնել 200 հազար մարդու: Այդ պատճառով էլ շատերը մահանում էին ճանապարհին:

10 օգոստոսի, 1915թ., թերթ «Սաքարթվելո», №65: Օսմանների երկրում կրկնվեց 1894-1896թթ. հայերի կոտորածը: Բիթլիսում սպանվել և Տիգրիս գետն է նետվել 9000 հայ: 40 հազարը սպանվել է Կիլիկիայում: Որոշ շրջաններում բնակչությունն ամբողջությամբ աքսորվել է անապատները: Դրա պատճառն է, Վարազդատի կարծիքով, թուրքերի վախը հայերից, հեղափոխության կասեցման փորձը: Այդ ամենը կատարվում էր ըստ երիտթուրքերի դիվանագիտության: Խալիֆա Գադժի-Գիլեշի, որը մուսուլմանների պաշտպանն էր, երկրորդ հրամանի համաձայն` Օսմանյան կայսրությունը պետք է զտվեր հայերից:

18 դեկտեմբերի, 1915թ., թերթ «Սախալխո փուրցելի», №459: Ինչպես գրում է «Հորիզոնը», «Man Guardian» թերթում տպագրել են հոդված Օսմանյան կայսրությունում ապրող հայերի դրության  մասին: Հոդվածում ամբողջ օսմանյան տարածաշրջանում հայերի ոչնչացումն ապացուցող փաստեր են բերվում: Թերթը գրում է, որ գերմանացիները օսմաններին ոգեշնչողներն են, և չնայած իրենք չեն մասնակցում հայերի կոտորածին, բայց նրանց մեղքը շատ զգալի է:

Մենք պետք է դատապարտենք գերմանացիներին, որ նրանք թույլտվություն են տվել օսմաններին` ոչնչացնելու հնագույն մշակույթի տեր մի ամբողջ ազգի: Օսմանները ոչնչացնում են հայերին, որովհետև ատում են նրանց սերը դեպի հավատքը, նրանց խելքն ու տաղանդը:

Ոմանք կարող են մեզ պատասխանել, որ գերմանացիներն այդքան մեծ ազդեցություն չունեն օսմանների վրա: Գուցե, նման կարծիքն անհիմն չէ, բայց հարցն այն է, թե արդյո՞ք Գերմանիան փորձեց որևէ կերպ խանգարել օսմաններին` հայերին ոչնչացնելու և կոտորելու մեջ: Ո´չ: Գերմանիան մեծ նշանակություն է տալիս օսմանյան Թուրքիայի օգնությանը, այդ իսկ պատճառով նրանք շատ հեշտությամբ օսմաններին թուլատրեցին ոչնչացնելու մի ամբողջ ազգի: Նրանք իրենց դաշնակցին անհարմարություն չպատճառեցին: Դրա համար էլ ոչ մի հույս չկա: Միակ բանը, որ մենք հիմա կարող ենք անել, արտերկրում տարածելն է ազգի ոչնչացման փաստի մասին սարսափելի  լուրը, որպեսզի օգնենք հայերին փրկելու գոնե նրանց, ովքեր կարողացել են վերապրել, որ գոնե նրանք փրկվեն:

3 հունվարի, 1916թ., թերթ «Սաքարթվելո», №2: Նախորդ տարվա ընթացքում հայ ժողովուրդն ապրեց մեծ դժբախտություն: Օսմանյան Հայաստանում ապրողներից սպանվեց 800 հազար հայ: Մի մասն էլ փրկեց իր կյանքը` փախչելով Կովկաս: Անցյալ տարի հայերի կոտորածի մասին էր խոսում ամբողջ Անգլիան, Ամերիկան և բազում այլ մանր երկրներ: Անգլիայում նույնիսկ փրկվածների համար սկսել են նվիրատվություն հավաքել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am