Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Մանսուրյանը երազում է հայ ժողովրդի ապահովության մասին

Տիգրան Մանսուրյանը երազում է հայ ժողովրդի ապահովության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցն իր հարկի տակ հյուրընկալեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Նրան նվիրված ստեղծագործական երեկոյի ընթացքում դպրոցի սաները և մանկավարժները հանդիսատեսի և կոմպոզիտորի դատին նեկայացրին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Միջոցառման ընթացքում ներկայացվեց անվանի կոմպոզիտորի անցած ուղին, իսկ երաժշտական դպրոցի սաները հարցեր ուղղեցին մաեստրոյին:

«Ես ձեր տարիքում երազում էի երաժշտություն գրելու մասին, ինձ համար երաժշտություն գրելը կլիներ պարգև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման սկզբում նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորը, խոսելով իր ծնողների մասին, ընդգծեց, որ իր ընտանիքում բոլորը սիրում էին երաժշտություն: «Ծնողներս որբանոցի զավակներ էին, անցել էին ջարդի ճանապարհով: Հայրս գեղեցիկ ձայն ուներ, մայրս մոլի երաժշտասեր էր: Մեր տանը մշտապես հնչում էր հայկական և դասական երաժշտություն: Երաժշտություն լսելիս մեր տանը խոսելը բացառվում էր. այսօր մեր համերգասրահներում հաճախ են զրուցում համերգների ընթացքում` հատկապես կանայք: Կարծում եմ, որ երաժշտությունն այդ պահին արհամարհված է»,- նշեց Մանսուրյանը:

Կոմպոզիտորը խոսեց նաև իր ընկերների մասին` ընդգծելով, որ տարիներ առաջ ընկերություն է արել ժամանակի հայտնի արվեստագետների` Մինաս Ավետիսյանի, Էլիբեկյանների, Հրանտ Մաթևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդան Աճեմյանի և այլ գործիչների հետ: «Կցանկանայի տեսնել Չարենցին և Կոմիտասին: Հայ բանաստեղծ չկա, որ չի կարևորել Կոմիտասի գործունեությունը և չի անդրադարձել նրան: Չարենցն էլ է պաշտել Կոմիտասին»,- նշեց Մանսուրյանը` ներկաներին պատմելով Կոմիտասի թաշկինակի մասին հայտնի պատմությունը: Այս թաշկինակը վերջերս ցուցադրվեց Չարենցի տուն-թանգարանում:

Մանսուրյանի երազանքներն ու ցանկություններն ամբողջությամբ կապված են Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Երազում է, որ երկիրը և ժողովուրդը կատարյալ ապահով լինեն և մարդիկ միմյանց հանդեպ չարացած չլինեն:

«Ունեմ գործեր, որոնց վերադառնալու ցանկություն ունեմ, սակայն ժամանակը չի բավարարում»,- հավելեց կոմպոզիտորը:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել Մանսուրյանների ընտանիքը: Մանսուրյանի ստեղծագործությունները՝ կամերային և գործիքային, բազմիցս կատարվել են նախկին Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:

Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am