Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Քեսապի հարցով ԵԽ բանաձեւը մեղմ է համարում Թուրքիայի նկատմամբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը Քեսապի հարցով ԵԽ բանաձեւը մեղմ է համարում 
Թուրքիայի նկատմամբ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի` Սիրիայի հայկական Քեսաբ ավանի վրա հարձակումը դատապարտող բանաձեւը մեղմ է արտահայտվել Թուրքիայի հանդեպ, որ իրն սահմանը բացել է ջիհադականների առաջ: Բանաձեւն, այնուամենայնիվ, Թուրքիան հանցավոր է դիտարկում սահմանի վրա գտնվող քրիստոնեական եւ քրդական քսղաքների վրա հարձակումների եւ մարդասիրական օգնության խաթարման համար: Նման գնահատական տվեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը: «Թուրքիան հանցավոր է ծայրահեղականներին օգնելու համար, որոնք Սիրիայի սահմանին գտնվող խաղաղ բնակչության տեղահանության են ենթարկում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Գասպար Կարապետյանը: «99 տարի առաջ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված հայերս երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին, մեզ ապաստան տալու համար. մենք ցավակցում ենք նրանց՝ երկրում տիրող իրավիճակի համար: Հուսով ենք, որ շուտով կավարտվի, եւ բոլոր համայնքները կներառվեն երկրի վերաշինության գործում` առանց դրսի միջամտության»,-նշեց Կարապետյանը` եզրափակելով, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը նվիրված է սիրիահայ համայնքին Եվրոպայից օգնություն հասցնելու գործին:

Եվրոպական խորհրդարանը մայիսին կայանալիք ընտրություններից առաջ ապրիլի 17-ի  վերջին լիագումար նիստում Սիրիայի մասին բանաձեւ է ընդունել` մտահոգություն հայտնելով երկրում տեղի ունեցած վերջին զարգացումների, հատկապես՝ Քեսապի եւ պատերազմի մեջ գտնվող խոցելի համայնքների իրավիճակի շուրջ:

Բանաձեւը հատկապես դատապարտում է հայկական Քեսապ ավանի վրա հարձակումը, նշելով՝ «2014թ. մարտի վերջին վարչակարգի ուժերի եւ ապստամբների` ներառյալ Ալ Քաիդային հարող տարրերի, միջեւ տեղի ունեցած մարտերը մղեցին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին գտնվող Քեսապ հայկական ավանի խաղաղ բնակչության մեծամասնության տեղահանման»:

Բանաձեւում նաեւ նշված է ազգային եւ կրոնական հարուստ բազմազանության մասին` շեշտելով, որ նշյալ համայնքները կարեւոր դերակատարություն ունեն Սիրիայի ժողովրդավարականացման գործում, եւ պետք է  իրենց ներկայությունն ունենան՝ երկրի ապագայի եւ հաշտեցման գործընթացում: Այս համայնքները փորձել են խուսափել հակամարտության մեջ կողմ լինելուց, շատերը գիտակցելով, վարչակարգի փոփոխության անհրաժեշտությունը, բայց նաեւ վախենում են, որ եթե իշխանությունը տապալվի՝ պիտի դառնան սուննի ջիհադական ապստամբների թիրախը, որոնք իսլամական պետութուն են ուզում հաստատել:

Եվրախորհրադարանը նաեւ մտահոգ է Ալ Քաիդային հարող Ալ Նուսրա ճակատով՝ որը Թուրքիայի սահմանին գտնվող քրիստոնեական եւ քրդական մի շարք գյուղեր է գրավել:

 ԵԽ «Ազատության եւ ժողովրդավարության Եվրոպա» (Նիդերլանդներ) խմբակցության պատգամավոր Բասթիաան Բելդերը շեշտել է, որ բանաձեւն ամբողջական չի համարվի այնքան ժամանակ, քանի դեռ Քեսապի մասին ամբողջական իրադրությունը չի բացահայտվել: Հայոց ցեղասպանությունից հետո մեկ անգամ եւս Թուրքիայի ներգրավվածությամբ շրջանի բնակչությունը տեղահանված է: Պատգամավոր Բելդերը նաեւ նշել է, որ Թուրքիայի ներգրավվածության շուրջ հետաքննություն պետք է կատարվի Քեսապի դեմ հարձակման համար, որն Անկարայի` Միջին Արեւելքի կործանարար քաղաքականության շարունակությունն է: Վերոնիկա Դը Քեյզերը (Սոցիալիստական եւ ժողովրդավարական առաջադեմ դաշինքի փոխնախագահ, Բելգիա) դատապարտեց ահաբեկիչ խմբավորումների կողմից Քեսապի հայության տեղահանումը:

Եվրոպական միության հանձնաժողովի փոխնախագահ Խոաքին Ալմունիան խիստ մտահոգված է Քեսապի դեմ ջիհադականների հարձակումներից, ինչպես նաեւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի չափազանց դաժանությունից` նշելով, որ Եվրամիությունն օգնում է խոցելի համայնքներին եւ վերջին երեք տարիներին Սիրիայից տեղահանվածներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am