Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Կենտրոնական բանկը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատում է կայուն, ռիսկերը՝ կառավարելի

Կենտրոնական բանկը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատում է կայուն, 
ռիսկերը՝ կառավարելի

ԵՐԵՎԱՆ,  18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆինանսական համակարգը նախորդ տարի շարունակել է ցուցաբերել աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով ՀՀ ֆինանսական կայունության հաշվետվությունը։ Նա նշեց, որ մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում արդիական են համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակի պահպանման և աշխարհաքաղաքական հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները։«Իրականացված սթրես թեստերի արդյունքներով՝ Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի է և կապիտալացված՝ շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար։ Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը։

Հայաստանի բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բավական բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ։ Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի և տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Համաձայն ՀՀ ֆինանսական կայունության  հաշվետվության՝ Հայաստանի տնտեսության և ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը 2013 թվականի ընթացքում պահպանվել են։ «Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումն արագացել է միայն տարվա երկրորդ կեսին՝ հիմնականում պայմանավորված զարգացած երկրների՝ առավելապես ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով։ Եվրոագոտու երկրներում, ի տարբերություն տարվա առաջին կեսի անբարենպաստ զարգացումներին, տարեվերջին արդեն նկատելի էին տնտեսական անկման հաղթահարման միտումներ։ Զարգացող երկրներում տնտեսակաան աճի դանդաղման միտումը պահպանվել է՝ նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը։ Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են վարել տնտեսական աճի խթանման և վերջինիս հետագա ամրապնդմանն ուղղված քաղաքականություն»,-նշված է հաշվետվության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am