Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդ 236 մարդ է ապրում

Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդ 236 մարդ է ապրում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Այն նշվում է 1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ: Այսօր բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը: 

Այն արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է արյան մակարդելիության 8-րդ կամ 9-րդ գործոնների պակասություն: Հիվանդությունը դրսևորվում է զանազան բնույթի խոռոչային արյունահոսություններով` հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային արյունահոսություններով, հետվնասվածքային և հետվիրահատական արտաքին արյունահոսություններով: Հիվանդության ախտանշաններն են` կապտուկները, հետվնասվածքային արյունազեղումներ, լնդային և քթային արյունահոսություններ, արյունամիզություն, հոդացավեր, մկանային ցավեր, իսկ տևական արյունահոսություններից զարգանում է արյան պակասությունը: Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:

Ըստ վիճակագրության` 10 հազար անձից մեկը կարող է հիվանդանալ հեմոֆիլիայով: Այն ժառանգական է և անցնում է մորից որդուն: Հեմոֆիլիայով հիվանդի մոտ նույնիսկ փոքր վնասվածքի դեպքում կարող է առաջանալ ներքին կամ արտաքին արյունահոսություն: Նման իրավիճակում անպայման պետք է ներարկել համապատասխան դեղորայք, հակառակ դեպքում` արյունահոսությունը կարող է շարունակվել երկար ժամանակ և հանգեցնել անգամ մահվան: Պետք է միշտ լինել զգոն, հետևել յուրաքանչյուր քայլի, քանի որ ամենաչնչին հարվածն անգամ կարող է անդառնալի հետևանքներ թողնել հիվանդի առողջության վրա: Այս հիվանդներն ունեն հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունք, այնպես որ յուրաքանչյուրս պետք է ուշադիր լինենք նրանց նկատմամբ` հնարավորինս զերծ պահելով կյանքին վտանգ սպառանցող վտանգներից:

Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում մոտ 400 հազար է: Հայաստանի Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը` երեխա: Այս հիվանդներին լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ: Մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը այս հիվանդների կյանքի միջին տևողությունը 26 տարի էր, ներկայումս այս թիվն աճել է մինչև 40:

2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ` թե առողջապահության նախարարության, թե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Այս տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում մասնագետներ են վերապատրաստվել` արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, կիրառվում է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am