Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սյունիքում պարարվեստի զարգացման համար նախադրյալներ են ստեղծվում

Սյունիքում պարարվեստի զարգացման համար նախադրյալներ են ստեղծվում

ԿԱՊԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում պարարվեստի ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով ապրիլի 16-ին Կապանի մշակույթի փոքր դահլիճում կազմակերպվել էր մարզի պարուսույցների հավաք, որին մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ, «Բերդ» պարային համույթի ղեկավար Կարեն Գեւորգյանը: Հավաքին ներկա էին 14 պարուսույցներ ոչ միայն Կապանից, այլեւ Մեղրիից, Գորիսից ու Սիսիանից:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ողջույնները հավաքվածներին փոխանցեց միության ղեկավարը  եւ ասաց, որ վերջինս պատրաստակամություն է հայտնել` աջակցելու եւ իրականություն դարձնելու այն ծրագրերը, որ կառաջադրի միությունը: «Վերջին շրջանում ակտիվացրել ենք մեր այցերը մարզեր, որոնց նպատակը առկա խնդիրները վեր հանելու եւ մեկտեղ լուծելու ցանկությունն է», - ասաց Գեւորգյանը:

Խոսելով Սյունիքում պարարվեստի խնդիրների մասին` ներկաները նշեցին, որ մարզային ու հանրապետական փառատոների անցկացման ավանդույթը պետք է վերականգնել, ինչը մեծ խթան կհանդիսանա պարարվեստի զարգացմանը մարզերում: Նշվեց, որ մարզի պարուսույցները պարբերաբար վերապատրաստման ու խորհրդատվության կարիք ունեն, ինչը դժվարացնում է մայրաքաղաքից հեռու գտնվելը: Ըստ Գեւորգյանի, իրենք կդառնան այն կապող օղակը, որ մարզերի պարարվեստի զարգացմանը կաջակցեն ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործնականորեն, ե՛ւ նյութապես: Փորձելու են նաեւ մարզերի մշակույթը ներկայացնել միջազգային ասպարեզում:

Անդրադառնալով իր ղեկավարած խորհրդի գործունեությանը` Գեւորգյանը նշեց, որ երկար պայքարից հետո իրենց հաջողվել է հասնել այն բանին, որ 2015 թվականից «Պարը» դպրոց կմտնի որպես պարտադիր ուսուցանվող առարկա` 4-րդ դասարանից սկսած 5 տարի ժամկետով:  «Եվ մի քանի տարի հետո կունենանք լավ կեցվածքով երիտասարդներ, հայկական պար իմացող լավ սերունդ», - ասաց Գեւորգյանը: Իսկ մինչ այդ, գալիք ուստարվանից Երեւանի մանկավարժական համալսարանի ուսանողների միջոցով հանրապետության 30 դպրոցներում փորձնական կանցկացնեն պարի դասեր: Հավաքի վերջում մարզի պարարվեստի ոլորտի աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվեց  պարարվեստի եւ պարագետների միության կոորդինացնող խորհրդի Սյունիքի մարզային բաժանմունք: 

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am