Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանական գրադարանի տնօրինությունը կայցելի Հայաստան

Բրիտանական գրադարանի տնօրինությունը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ապրիլի 7-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում: Նախարարի տեղակալը այցելել է բրիտանական կարևորագույն մշակութային հաստատություններ, բանակցություններ վարել այդ հաստատությունների պատասխանատուների հետ, մասնակցել Լոնդոնի Գրքի միջազգային ցուցահանդեսին և հանդիպել մշակույթի ոլորտում դերակատարում ունեցող անձանց: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական մշակութային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես՝ Բրիտանական գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի ու Մատենադարանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Այս համատեքստում առանձնապես կարևորվել են Բրիտանական գրադարանում գտնվող հայերեն ձեռագրերի, տպագիր գրքերի ու պարբերականների թվայնացումը, խորհրդատվական ու տեխնիկական աջակցության հարցերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Բրիտանական գրադարանի տնօրինության այցը Հայաստան` տեղում քննարկելու Ազգային գրադարանի և Մատենադարանի հետ հետագա համագործակցության մանրամասները: 

Ն. Տեր-Վարդանյանը հանդիպում է ունեցել նաև Բրիտանական թանգարանի պատասխանատուների հետ, ովքեր դեռևս անցյալ տարի ՀՀ մշակույթի նախարարության հրավերով այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել մեր մշակույթին: Նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել թանգարանում կազմակերպել Հայաստանի մշակույթը ներկայացնող ցուցահանդես: Այս հանդիպման ընթացքում հստակեցվել է, որ ցուցահանդեսը ընդգրկելու է Հայաստանի հնագույն շրջանը (սկսած բրոնզե դարից մինչև Ուրարտու): Առաջիկայում կհստակեցվեն նաև ցուցահանդեսի ժամկետները, որն իր տեսակի մեջ և մասշտաբներով աննախադեպ կլինի հայկական մշակույթը Մեծ Բրիտանիայում ներկայացնելու տեսանկյունից: 

Արդեն երկրորդ տարին է, ինչ Լոնդոնի Գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական կազմակերպությունների ջանքերով գործում է հայկական տաղավարը, որին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի հրատարակիչները: Այս տարի տաղավարում ներկայացված էին ավելի քան 20 հրատարակիչներ: Հաշվի առնելով 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության տարածման կարևորությունը` Ն. Տեր-Վարդանյանը և հայկական տաղավարի կազմակերպիչ Չարլզ Մալասը հանդիպել են ցուցահանդեսի ղեկավարությանը և պայմանավորվածություն ձեռք բերել հայկական տաղավարի տարածքի ընդլայնման և այն այցելուների համար առավել տեսանելի ու գրավիչ հատվածում տեղակայելու վերաբերյալ: 

Նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը այցի ընթացքում հանդիպել է նաև Հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Միացյալ Թագավորության Համայնքների պալատի մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլին և քննարկել հայկական մշակույթը Միացյալ Թագավորությունում ներկայացնելու մի շարք ծրագրեր ևս: 

Այս բոլոր հանդիպումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am