Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի ՀԿ-ները դեմ են Սեւանից օրենքով սահմանվածից ավելի ջրառին

Գեղարքունիքի մարզի ՀԿ-ները դեմ են Սեւանից օրենքով սահմանվածից ավելի ջրառին

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնում, «Էկոլուր» ՀԿ նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզի բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների եւ Սեւանի ափամերձ մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպում-քննարկումը դիմում ուղղեց ՀՀ կառավարությանը եւ մի շարք գերատեսչությունների` դեմ արտահայտվելով Սեւանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավելի ջրառ իրականացնելուն:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր Ջրտնտպետկոմի մշակած նախագիծը, որով առաջարվում է այս ամռան ընթացքում ոռոգման նպատակներով ավելացնել Սեւանա լճից բաց թողնվող ջրի քանակությունը մոտ 70 միլիոն խորանարդ մետրով: Ըստ բանախոսի` ՀՀ կառավարությունում Սեւանի ջրառի չափաքանակի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորում են Արարատյան դաշտի ցանքերն ու այգիները բավարար չափով ոտռոգման ջրով ապահովելու անհրաժեշտությամբ:

Քննարկման մասնակից, անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը նշեց, որ մի քանի հազար հեկտար ցանքեր ոռոգելու անհրաժեշտությունը կամ այլ կարգի խնդիրների լուծումը չունեն այն գինը, ինչ գին որ ունի Սեւանի ջրային ռեսուրսների պահպանման եւ ավելացման քաղաքականությունը: Ըստ փորձագետի` իրականում Արարատյան դաշտում ոչ թե արտեզյան ջրերի կամ գետերի ջրի ծավալներն են պակասել, այլ առկա է օգտագործվող ջրերի կառավարման խիստ ցածր մակարդակ եւ բարձիթողի վիճակ:

«Գնալով աշխարհում անգնահատելի նշանակություն են ձեռք բերում քաղցրահամ ջրի պաշարները, եւ այս առումով էլ ավելի է մեծանում Սեւանա լճի դերը մեր հանրապետության եւ տարածաշրջանի երկրների համար: Գուցե թե կգա ժամանակ, որ մեզանում հարկ կհամարեն Սեւանի մակարդակը բարձրացնել մինչեւ իր բնական նիշը` 1916 մետր բարձրությունը ծովի մակարդակից: Ջրային պաշարների արդյունավետ կառավարման դեպքում մենք տարեկան մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր ջուր անտեղի չէինք լցնի Արաքս գետ ու Սեւանա լճի ջրերը կթողնեինք իրենց տեղում: Օրենքով սահմանված քանակից ավելի լճից ջուր բաց թողնելը խախտելու է լճի էկոհամակարգը, բերելու է անդառնալի հետեւանքների»,-նշեց Սեյրան Մինասյանը:

Իր հերթին, «Տարածքային զարգացման հետազոտություններ» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը նկատեց, որ Սեւանի տարածքի համայնքների ղեկավարները օրեր առաջ եւս ընդհանուր հանդիպում-քննարկման ժամանակ դեմ են արտահայտվել Սեւանից օրենքով սահմանված չափաքանակից ավել ջրառ իրականացնելու քաղաքականությանը: Իսկ «ՍՈՍ Արգիճի» ՀԿ նախագահ Վարդան Գալստյանը կարեւորեց Սեւանա լիճ թափվող գետերի պահպանության խնդրի բարձրացումը:

Հանդիպմանը մասնակից  կազամկերպությունների ղեկավարները որոշեցին իրենց կարծիքը արտահայտել քաղաքական ակցիաների տեսքով, մինչեւ ապրիլի 28-ը, ճիշտ այն օրը, երբ ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա երկրորդ ընթերցումը` նվիրված Սեւանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու առաջարկությանը:

Հանդիպման ընթացքում Սեյրան Մինասյանն արդարացված համարեց Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությանը զարկ տալու քաղաքականությունը:

«Հայ ժողովրդի կենսական գլխավոր տարածքներից մեկը Սեւանի ավազանն է` իր ջրային եւ կենդանական պաշարներով: Սեւանա լճում առկա կերապաշարները թույլ են տալիս այնտեղ ունենալ մինչեւ 30 հազար տոննա ձկնապաշար, որից տարեկան 25 հազար տոննան որսի համար ենթակա կլիներ: Ցարական կառավարության օրոք 12 զինվոր կարողացել է հսկել Սեւանի ձկնաշխարհի պահպանության ու զարգացմաՆ գործը, մինչդեռ հիմա ոստիկանության հինգ բաժանմունքները չեն կարողանում պատշաճ կարգով պահպանություն իրականացնել: Իսկ  Սեւանի ձկնապաշարի պահպանության եւ վերարտադրության գործող պայմաններում որեւէ դրական բան ակնկալել հնարավոր չէ: Թերեւս արդարացված կլինի ցանցավանդակային ձկնաբուծության արմատավորումը: Դա, թերեւս, անհրաժեշտություն է, որքան էլ մարդիկ փորձեն առաջ քաշել սոցիալական խնդիրը»,- եզրափակեց փորձագետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am