Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռաֆայել Վահանյանը` Տիգրան Պետրոսյանի տաղանդի, Արոնյանի շանսերի, հավաքականից օլիմպիական սպասումների մասին

Ռաֆայել Վահանյանը` Տիգրան Պետրոսյանի տաղանդի, Արոնյանի շանսերի, 
հավաքականից օլիմպիական սպասումների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի հայկական դպրոցը միշտ էլ եղել, և հիմա էլ մնում է աշխարհի լավագույններից մեկը: Այդ համբավավոր դպրոցի «սաներից»  մեկն էլ գրոսմայստեր  Ռաֆայել Վահանյանն է: Նա տաղանդավոր շախմատիստին վայել հանգստությամբ ու մեծ համբերատարությամբ պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարոն Վահանյան, այս տարի առաջին անգամ անցկացվեց «Վահանյանի գավաթ» շախմատային միջազգային մրցաշարը: Ձեզ գոհացրե՞ց մրցաշարի կազմակերպումն ու  անցկացումը:

-Մրցաշարի  հիմնական կազմակերպիչը Հովհաննես Թոքմանջյանն էր, շատ հետաքրքիր անցավ: Ինչպես գիտեք, թիմեր կային Ռոստովից, Ուկրաինայի և Ռուսաստանի այլ քաղաքներից: Ինձ համար պատվավոր էր մրցաշարը  Երևանում անցկացնելը: Այն որքան  հետաքրքիր էր, այդքան էլ բարձր մակարդակով կազմակերպված էր: Ուսանող-մասնակիցները պրոֆեսիոնալներ չէին, բայց հետաքրքիր պայքար ստացվեց:

-Իսկ ինչպիսի՞ արձագանքներ եղան:

-Շատ դրական կարծիքներ ու արձագանքներ եղան: Ռոստովի Շինարարարական համալսարանի ռեկտորը նույնիսկ առաջարկեց, որ հաջորդ տարի «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշարն անցկացվի իրենց մոտ` Ռոստովում: Այդ ժամանակ մրցաշարն իսկապես  կդառնա միջազգային:

-Դուք երկար ժամանակ Հայաստանում չէիք: Ինչի՞ հետ է կապված Ձեր բացակայությունն ու վերադարձը:

-Արդեն երեք տարի է` շախմատ չեմ խաղում, երբեմն-երբեմն` ինքս ինձ համար միայն: Երբ պրոֆեսիոնալ էի,  խաղում էի, հանդես էի գալիս տարբեր մրցաշարերում:  Իսկ վերջին 20 տարիներին  ապրում էի Գերմանիայում: Այնտեղ մասնակցում էի Բունդեսլիգային,  Քյոլնի թիմի կազմում  10-ն անգամ Բունդեսլիգայի չեմպիոն դարձանք: Հիմնականում հենց Գերմանիայում էլ ապրում էի: Իսկ հիմա, քանի որ չեմ խաղում,  ուրիշ այլ նպատակներ ունեմ  Հայաստանում իրականացնելու: Առայժմ կմեկնեմ Գերմանիա, իմ ընտանիքը դեռ այնտեղ է: Թե աղջիկս, թե տղաս դեռ սովորում են  այնտեղ: Պատճառը եղավ այն, որ արժանացա հանրապետության նախագահի ուշադրությանը, նա  էլ առաջարկեց վերադառնալ, և ես մեծ ուրախությամբ վերադարձա:

-Անցած տարի շախմատի մեր հավաքականը ոչ այդքան հաջող հանդես եկավ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Ի՞նչ եք կարծում` որն էր պատճառը:

-Միշտ էլ շատ դժվար է, երբ դու այդքան հաջողությունների ես հասնում, և պետք է դրանք պահես: Հետո մենք մեր հավաքականից  պահանջում ենք միայն առաջին տեղում լինել, այդպես ենք ուզում տեսնել: Սա մեր ազգին բնորոշ գծերից մեկն է: Չնայած, եթե վերլուծելու լինենք, համեմատենք, ապա կտեսնենք, որ մեր տղաների անհաջողության պատճառը  իրենց  ուժերից ցածր հանդես գալն էր: Հատկապես, վերջին պարտիաներում, որոնք որոշիչ  էին, լավ չխաղացին:

-Իսկ ինչի հետ եք կապում այն, որ1999-թվականից  ի վեր, մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում որևէ հաջողության չի հասել: Սա զուտ հոգեբանական խնդիր է: Չէ որ Եվրոպայի առաջնությունը իր «հարգով» ցածր է մյուսներից:

-Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոնների համար այդքան էլ մեծ նշանակություն չունի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարերը մեկ շաբաթ ընդմիջումով էին, և գուցե հենց դա էլ որոշիչ եղավ: Կարծում եմ` ֆիզիկապես  հնարավոր չէ, առանց հանգստանալու այդքան խաղալ:

-Մեր հավաքականը, գրեթե նույն կազմով, երեք անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Այժմ թիմի կազմում փոփոխություններ պետք չե՞ն:

-Իհարկե, պետք  են փոփոխություններ: Ես գտնում եմ, որ այդ հարցում մենք մի քիչ հետ ենք մնում: Պետք է երիտասարդ շախմատիստներ էլ մտնեն թիմ: Թեկուզև, առաջին անգամները հաջող չստացվեն:  Բայց արդեն ժամանակն է կազմը թարմացնելու, քանի որ նույն շախմատիստները մեծանում են: Նաև մի ցավոտ խնդիր կա: Մենք անհատական մրցումներում այդքան էլ մեծ հաջողություններ չենք գրանցում: Հայաստանը  մեծ թվով գրոսմայստերներ ունի, լավ երիտասարդներ կան, սակայն , միջազգային անհատական մրցումներում, բացի Լևոն Արոնյանից, ոչ մի մրցաշարում չենք հաղթել:

-Իսկ ինչի՞ հետ եք կապում դա:

-Ինչ- որ բան պիտի փոխվի: Գուցե  երիտասարդները  շատ հնարավորություններ չեն ստանում միջազգային մրցասպարեզներում հանդես գալու: Դժվարանում եմ ասել, բայց դա մեր բացասական կողմն է:

-Նշեցիք Լևոն Արոնյանին, արդեն երրորդ անգամն է, որ նա Հավակնորդների մրցաշարում վերջին պահին անհաջող ելույթ է ունենում: Իսկ սա ինչո՞վ կբացատրեք:

-Այդ ամենը կարող է հոգեբանության հետ կապված լինել: Բայց ինձ թվում է` նա լավ չի պլանավորում անելիքը, քայլերը: Ես էլ այն շախմատիստներից չեմ, որ միշտ, բոլոր մրցաշարերում հրաշալի պատրաստվել եմ: Ընդհակառակը, արդեն փորձ ունենալով և հետ նայելով`  ես տեսնում եմ, որ նա նույնպես լավ չի պլանավորում: Մինչև հավակնորդների մրցաշարը հրաշալի խաղ է ցուցադրում, սակայն բուն մրցաշարում չի ստացվում, բայց հիմա նրա ժամանակն է:

-Արոնյանն արդեն 30-նն անց է, տարիքն իրենը չի ասում…

-Իհարկե, մանավանդ հիմա, առաջներում շախմատում 30-ը  մեծ տարիք չէր, նույնիսկ շատ լավ տարիք էր: Հիմա շախմատը համակարգչային է դարձել, ավելի երիտասարդացել է: Հիմա, եթե 12 տարեկան գրոսմայստերներ կան, ուրեմն` լրիվ այլ շախմատ է:

-Ասացիք մեծ է համակարգչի դերը:  Մի՞թե շախմատը դադարում է «մտքի խաղ» լինելուց:

-Ցավոք, այդպես է: Բայց արդեն ոչինչ անել չենք կարող: Այսօրվա շախմատը մի քիչ այլ է: Գրոսմայստերներն ուրիշ ձևով են մարզվում, ուրիշ ձևով են հասկանում շախմատը: Համակարգիչները շատ օգնում են, շախմատում հիշողություն է պետք, և այն էլ, հրաշալի հիշողություն: Շախմատիստները ասում են, որ պարտիայից առաջ ժամերով հետևում են համակարգչին: Մեր ժամանակներում  ուրիշ էր, մենք ռազմավարություն  էինք մշակում, մի քանի պլաններ կազմում, և մնացած  ամեն ինչը  կատարվում էր խաղի ժամանակ:

-Պարոն Վահանյան, տարին Օլիմպիական է, ի՞նչ սպասելիքներ ունեք Օլիմպիադայից: Օլիմպիադան, կարծես, մեր տարերքն է դարձել:

-Այո, Օլիմպիադան մեր տարերքն է: Այն մեր մրցաշարն է, և ես հույսով եմ, որ նորից լավ կլինի: Ամեն դեպքում, ես մեր թիմը եռյակի մեջ տեսնում եմ:

-Շախմատային նոր սերունդ է մեծանում, ի՞նչ կասեք նրանց մասին:

-Շախմատի Եվրոպայի առաջնության ժամանակ մի քանի շախմատիստների հետ մի քանի պարտիա ենք վերլուծել: Շատ տաղանդավոր շախմատիստ է Արման Փաշիկյանը: Ժամանակին Փաշիկյանը բավականին հաջող մեկնարկ արեց: Նա Հայաստանի չեմպիոնն  էր և հավաքականի կազմում էր ընդգրկված: Հիմա, կարծում եմ, նոր վերելքներ կունենա:  Հայաստանում շատ են գրոսմայստերները, երբ ես դարձա գրոսմայստեր,  38-րդն  էի ամբողջ ԽՍՀՄ տարածքում : Հայաստանի համար մեծ պատիվ է այսքան շատ գրոսմայստերներ ունենալը:

-Իսկ կարո՞ղ է մի օր Ռաֆայել Վահանյան մարզիչ ունենանք:

-Կարող է, բայց դրա համար ես իմ մեջ ինչ-որ բան պետք է փոխեմ: Ժամանակ  է պետք: Ամբողջական նվիրում է պետք այդ աշխատանքը կատարելու համար: Ես հիմա էլ կարող եմ մի քանիսի հետ  ժամանակ անցկացնել, բայց դա չի կարող լուրջ լինել:

-Այս տարի աշխարհի չեմպիոնի թագի համար կրկին պայքարելու են Անանդը և Կարլսենը: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի:

-Իհարկե, ֆավորիտը էլի Կարլսենն է: Բայց Անանդը, գուցե երկրորդ անգամ շանս կունենա: Առաջին մրցախաղում,  անսպասելիորեն, Անանդը շատ հեշտ պարտվեց: Հավակնորդների այս մրցաշարը ցույց  տվեց, որ Անանդը դեռ կա: Կարլսենի հետ պարտիաներում շատ կարևոր է սկզբնախաղը: Իսկ եթե Անանդին հաջողվի առաջին հաղթանակը տոնել, առհասարակ, պայքարը  այլ ընթացք կունենա: Կարլսենը պայքարող է, երիտասարդ, բայց ես չէի ասի, որ նա ավելի բարձր մակարդական ունի, քան Անանդը:

-Այս տարի  լրանում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակը: Ցավոք, նա մեզ հետ չէ:  Ինչպե՞ս եք Դուք հիշում նրան:

-Տիգրան Պետրոսյանը  մեծ տաղանդ էր: Վստահ եմ, որ  նա կկարողանար մի քանի անգամ պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը: Տիգրանը շատ հետաքրքիր մարդ էր, նա տրամադրության մարդ էր: Արտակարգ հումոր ուներ: Բայց երբ տրամադրություն չուներ, շատ ծանր մարդ էր դառնում: Ես հիշում եմ, երբ ԽՍՀՄ հավաքականը 1984 թվականին պետք է մրցեր աշխարհի հավաքականի հետ, նա ցանկանում էր միանալ թիմին, սակայն արդեն իսկ վատառողջ էր: Բժիշկները չթողեցին: Հենց այդ թվականին էլ Պետրոսյանը մահացավ:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am