Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի  
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես, նախարարն անդրադարձել է սիրիահայերին աջակցելու նպատակով ՀՀ իրավական ակտերում Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացված փոփոխություններին, կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Սիրիայում և հատկապես հայաբնակ վայրերում տիրող ծանր իրավիճակին, մասնավորապես, Քեսաբի խնդրին՝ հավելելով, որ վտանգված է քաղաքացիների, այդ թվում՝ հայության ֆիզիկական գոյությունը:

ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերին նշել է, որ տպավորված է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների ծավալով:  Անջելո Գնեդինգերը կարևորել է ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն այսուհետ ևս այն արդյունավետ կլինի:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ սիրիական թնջուկում միջազգային կազմակերպությունների դերը շատ կարևոր է, և շնորհիվ այդ կազմակերպությունների՝ հնարավոր կլինի հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am