Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Փարաջանով» ֆիլմն արժանացավ Բուխարեստի միջազգային կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակին

«Փարաջանով» ֆիլմն արժանացավ Բուխարեստի միջազգային կինոփառատոնի ժյուրիի 
Հատուկ մրցանակին

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 8-13-ին Բուխարեստում անցկացվեց Cinepolitica միջազգային հեղինակավոր 3-րդ կինոփառատոնը: Փառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում ներկայացված էր նաեւ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը, որն արժանացավ ժյուրիի Հատուկ մրցանակին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Փարաջանով» ֆիլմի համահեղինակներ Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան, Cinepolitica 2014 թ. միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն էին եւ հենց նրանց մասնակցությամբ էլ ապրիլի 10-ին լեփ-լեցուն դահլիճում կայացավ ֆիլմի ռումինական պրեմիերան: Այն արժանացավ ռումինացի հանդիսատեսի ջերմ արձագանքին, եւ դիտումից հետո դահլիճում ներկաները հնարավորություն ունեցան զրուցելու ֆիլմի հեղինակների հետ Փարաջանովի` առեղծվածային եւ յուրօրինակ մարդ-արվեստագետի, նրա աշխարհայացքի, եւ, առհասարակ, ֆիլմին վերաբերող հարցերի շուրջ:

Ապրիլի 13-ին` մրցութային ծրագրի ամփոփման ժամանակ այն արժանացավ ժյուրիի Հատուկ մրցանակին` քաղաքականության խորությունը գեղարվեստորեն լավագույնս ներկայացնելու եւ նրբագեղորեն էկրանավորելու, ինչպես նաեւ օրինակելի եւ սիմվոլիկ կերպարի մարմնավորման համար, որն, ի հեճուկս միահեծան դարաշրջանի բոլոր հալածանքների, ստեղծել է համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներ` ցույց տալով, որ արվեստի միջոցով կարող է հաղթահարել համակարգային ճնշումները:

Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի եւ Արգենտինայի դեսպանությունների, Բրիտանական խորհրդի (British Council), Բուխարեստում Ֆրանսիական ինստիտուտի (Institut français de Bucarest) եւ Ռումինական մշակութային ինստիտուտի (Institutul Cultural Roman) հետ միասին փառատոնի գործընկերներից էր:

«Փարաջանով» ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի դեսպանները, այլ դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Սերժ Ավետիքյանն ապրիլի 8-ին հանդիպում ունեցավ նաեւ Ռումինիայի հայ համայնքի հետ: Հանդիպումն անցավ անմիջական եւ ջերմ մթնոլորտում, որի ընթացում Սերժ Ավետիքյանը ներկայացրեց Փարաջանով արվեստագետին` որպես համամարդկային արժեք, «Փարաջանով» ֆիլմի նախապատմությունը, ինչպես նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերը:

Փառատոնի շրջանակներում դեսպան Համլետ Գասպարյանը եւ Սերժ Ավետիքյանը զրույցներ ունեցան Փառատոնի գլխավոր տնօրեն Մոսկու Կոպելի (Moscu Copel) հետ` հետագա համագործակցության շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am