Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ քաղաքագետները չեն բացառում կոալիցիոն կառավարության ձեւավորումը

Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ քաղաքագետները չեն բացառում կոալիցիոն 
կառավարության ձեւավորումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական տաղանդ, միաժամանակ հասարակության ներսում նրա կերպարը դրական չի ընկալվում եւ գնահատվում: Գնահատականը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Այն, որ Աբրահամյանի թեկնածության առնչությամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ, գիտի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը քաղաքական տրամաբանության մեջ է վերլուծում նոր վարչապետի նշանակումը: Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում, նախագահը միանգամից մի շարք քաղաքական հարցեր է լուծում: «Գլխավոր նպատակն այն է, որ Աբրահամյանն իր անձով եւ փորձով փորձում էր ընդլայնել նախագահի քաղաքական հենարանը: «Կոալիցիայի կամ որեւէ այլ ձեւաչափով, առաջին հերթին ներգրավելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը` Սերժ Սարգսյանը կընդլայնի իր սեփական հենարանը»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ գուցե նախագահը կարծում է, որ ԱԺ նախկին նախագահը կարող է իրեն դրսեւորել նաեւ որպես լավ մենեջեր: «Բացի այդ, այնքան էլ լայն չէ Սերժ Սարգսյանի կադրային ռեսուրսը վարչապետի պաշտոնի համար»,-ասաց Մինասյանը` նշելով, որ դեռեւս հարցական է` Հովիկ Աբրահամյանի դիրքը կուժեղանա՞ հետագայում ՀՀ նախագահ դառնալու համար: «Կարեւոր հանգամանք է, թե ինչ կարգավիճակ կենթադրի նախագահը: Եթե Սահմանադրական բարեփոխումները, որ ներկայացվել են, ընդունվեն, ապա նախագահն ավելի շատ դեկորատիվ ֆունկցիաներ է կատարելու եւ վարչապետի դերն է բարձրանալու»,- ասաց Մինասյանը: Նրա բնութագրմամբ` վարչապետի պաշտոնը նման է «կամիկաձե»-ի եւ ում էլ նշանակեն, կարճ ժամկետում վատ է ընկալվելու հասարակության կողմից:

Հովիկ Աբրահամյանի նշանակումը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոնեսենսուսի արդյունք է: Տեսակետը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանինն է: «Սա կոնսենսուսի արդյունք է: Հիմա դրա անունը կոալիցիա կլինի, թե կլինի ազգային համաձայնության կառավարություն, թե ընդհանրապես կառավարություն չի լինի, բայց ԲՀԿ-ն կառավարությանը չի քննադատի եւ ՀՀԿ-ի հետ բոլոր կոճակները կսեղմի եւ կառավարության բոլոր ծրագրերը կանցկացվեն, այլ խնդիր է, բայց որ Հովիկ Աբրահամյանը կոնսենսուսային ֆիգուր է, դա միանշանակ»,- ասաց նա:

Մեկ այլ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ էլ, նշանակումը սպասելի էր, քանի որ 10 օր շարունակ հենց Աբրահամյանի անունն էր շրջանառվում, որպես հիմնական թեկնածու: Նրա խոսքերով, Աբրահամյանը կուսակցությունում բավական բարձր դիրք է գրավում, ընդգծված քաղաքական գործիչ է եւ դրանով է պայմանավորված նշանակումը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ կոնսենսուսին, Բադալյանը նշեց, որ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կոալիցիայի մաս չի կազմելու: «Հետեւաբար կոնսենսուսային թեկնածուի տարբերակը կարելի է բացառել»,-ասաց Բադալյանը` անհավանական համարելով նաեւ մեր այն դիտարկումը, որ կարող է կոալիցիայի մաս չկազմել, սակայն Ազգային ժողովում պաշտպանել կառավարության ներկայացրած ցանկացած օրինագիծ:

Ինչ վերաբերում է հասարակության տեսակետին, քաղտեխնոլոգը նշեց, որ հասարակության մեծամասնությանը չի հետաքրքրում, թե վարչապետ ով է նշանակվելու. նրա գնահատմամբ, հասարակության մոտ գերիշխող է արտագաղթողի հոգեբանությունը եւ այս պարագայում, փողի եւ կաշառքի միջոցով հնարավոր է ամեն ինչ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ նախագահը ստորագրել է նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am