Քաղաքականություն

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

Դավիթ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է խոսակցությունները, ըստ որոնց՝ եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետ, ինքը կարող է նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց. «Սա քաղաքական խորհրդակցությունների գործընթաց է, և այդ գործընթացքում ոչինչ բացառել չի կարելի: Սակայն այս պահին ես դրա վերաբերյալհստակ ոչինչ չեմ ցանկանում ասել»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ով կնշանակվի վարչապետ, և հստակ կլինեն նրա գործունեության ծրագրերը և ուղղությունները: «Վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավորի կառավարությունը, ինչի բուն նպատակը թիմ ձևավորելն է»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ թիմ ասելով, նկատի չունի մերձավորներին, այլ նկատի ունի թիմ, որն ունի միասնական գաղափարներ: «Կառավարությունը ոչ թե ուղղակի նախարարների գումար է՝ այս նախարարն` իր ոլորտում, այն նախարարն` իր ոլորտում, այլ այն բանի համար է կառավարություն կոչվում, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար»,- պարզաբանեց ՀՀ ԱԺպետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նա նշեց, որ չի կարող, օրինակ, արդարադատության նախարարը ասել, թե ինքը պատասխանատու չէ սոցիալական ոլորտի համար, քանի որ իր ոլորտը միայն արդարադատությունն է: «Թիմ ասելով՝ ես նկատի ունեմ այն համախոհների բանակը, ովքեր ունեն միասնական ծրագիր և կարողություն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- շեշտեց Հարությունյանը:

Շանթ Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում