Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ը սկսել է ավելի անկաշկանդ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին. Արամ Անանյան

ԱՄՆ-ը սկսել է ավելի անկաշկանդ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման 
անհրաժեշտության մասին. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև, որի նախագիծը ներկայացրել էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

-Պարոն Անանյան, երեկ երեկոյան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում մինչ օրս ներկայացված մյուս բանաձևերից և ինչ դերակատարություն այն կունենա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականության մեջ:

-Բանաձևի ընդունման կապակցությամբ կցանկանայի մի շարք կարևոր հիմնադրույթներ նշել: Առաջին` այն ընդունվել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ: Երկորդ` բանաձևը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվել է ձայների տպավորիչ առավելությամբ: Բանաձևի տեքստային վերլուծությունը ցույց է տալիս, որ այն համապարփակ և համակողմանի անդրադարձեր է պարունակում: Այն ամբողջությամբ ընդունում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի իրական շարադրանքը` ճանաչելով 1.5 միլիոն հայերի ոչնչացումը և այդ տարիներին Օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն հայ ազգաբնակչության տեղահանությունը: Բանաձևում պատմական անդրադարձ է արվում 1915 թվականին Անտանտի երկրների կողմից մայիսի 24-ին ընդունված հայտարարությանը, որով պատմության մեջ առաջին անգամ դատապարտվեցին Թուրքիայի գործողությունները` որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն: Անդրադարձ է կատարվում ԱՄՆ պատմության ընթացքում ընդունված բոլոր նմանօրինակ հայտարարություններին և  իրավական ակտերին` սկսած 1916 թվականից: Այսինքն` խնդիրը դիտարկվում է պատմական ենթախորքում:

Բանաձևում նշվում և հստակ գնահատականներ են տրվում նաև ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված քայլերին` դատապարտելով նմանօրինակ գործողությունները:  Որպես ամփոփում` բանաձևը ներառում է երեք հետաքրքրական կոչ, որոնք շատ ուժեղ և կայուն առաջարկներ են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ուղենիշային լինելու առումով: Մասնավորապես առաջարկվում է, որ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ճանաչող բանաձևի ընդունման դեպքում, այն ԱՄՆ արտաքին քաղաքականություն սակարկման առարկա չպետք է դառնա:

Այսպիսով, գոնե Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մակարդակով սահմանվում է, որ Հայոց ցեղասպանությունը բազմիցս ընդունված և հաստատված պատմական իրողություն է: Ակնարկ է արվում մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը միջազգայնորեն ճանաչելու, ինչպես նաև ժամանակակից Թուրքիայի կողմից ցեղասպանական քաղաքականության շարունակություն հանդիսացող ժխտումը երկրի քաղաքական վարքագծից դուրս բերելու անհրաժեշտության մասին` այդ հարցում դեր վերապահելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը:

-Ինպե՞ս եք գնահատում ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը բանաձի ընդունման կամապկցությամբ:

-Պետքարտուղարության արձագանքը շատ հետաքրքրական է: Այն առումով, որ ԱՄՆ պետքարտուղարությունը միշտ հանդիսացել է այն փորձաքարը, որին բախվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը: Թուրքիան մշտապես իր ճնշումները կիրառել է ԱՄՆ գործադիր իշխանության վրա, և վերջինս միշտ շատ ավելի պահպանողական է եղել:

Ապրիլի 10-ի հայտարարությունը շատ ավելի հուսադրող է:  Պետքարտուղարության մամուլի խոսնակը, թեև չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, նշում է, որ ԱՄՆ կառավարությունն ընդունում է պատմական փաստերի շարադրանքը և որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածի գիտակցումը և ճանաչումը շատերի համար հիմնարար մարդկային արժեք է: Նախկինում պետդեպի բոլոր փաստարկները հիմնվում էին այն բանի վրա, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է ազդել հայ- թուրքական գոյություն չունեցող հարաբերությունների վրա: Այս անգամ նման անդրադարձ չկար: Այսինքն` հույս կա, որ հնարավոր է այս անգամ վարչակազմը ձեռնպահ մնա որևէ ճնշում կիրառելուց:

-Ինչպիսի՞ն կլինի թուրքական արձագանքը, արդյոք այս անգամ ևս Թուրքիան չի բանեցնի ճնշումները` ԱՄՆ-ի դիրքորոշման վրա ազդելու համար:

-Այն, որ թուրքական արձագանքը լինելու է, դա միանշանակ է: Բայց թե որքանով Թուրքիան այսօր կկարողանա ԱՄՆ գործադիր իշխանության վրա կիրառել իր ավանդական ճնշումները, որոնք ժամանակին օգնել են նրան առաջ տանել իր ժխտողական քաղաքականությունը, այս պահին մեծ հարցականի տակ է: Ներկա փուլում Թուրքիայի համար մեծ ռեսուրսներ և ջանքեր են պահանջվելու այս ուղղությամբ որևէ գործողություն իրականցնելու համար: Այսօրվա Թուրքիան շատ ավելի ոչ շահեկան վիճակում է, քան որոշ ժամանակ առաջ: Որովհետև այդ երկրի արտաքին քաղաքական թեզիսները, հռչակած արժեքները և իրականացրած քաղաքականությունն ամբողջովին իրարից տարբերվում  են: Այսօր դա ընդունում է նաև թուրքական հասարկությունը: Հայատարարել մի բան և անել լրիվ հակառակը դարձել է Թուրքիայի սովորական գործելաոճը, որը հասկացել են բոլորը: Երեկ երեկոյան ընդունված բանձևի պատճառներից մեկն էլ այն է, որ Թուրքիան հիասթափեցրել է բոլորին:

-Մոտենում է Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցը: ԱՄՆ Կոնգրեսում ներկա պահին Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև է ներկայացված: Ի՞նչ եք կարծում մինչ 2015 թվականը որևէ փոփոխություն տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

-Իհարկե, կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ զբաղմունք է: Որքան մոտենանք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, այնքան միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության նկատմամբ կմեծանա: Ցեղասպանության հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Այն մարդկության դեմ ուղղված ծանրագույն մեղքերից մեկն է: Եվ որպես այդպիսին Հայոց ցեղասպանությունը իրագործման պահից ի վեր միանշանակ դատապարտման է արժանացել` Անտատնի երկրների կողմից` բացահայտորեն, Օսմանյան կայսրության դաշնակիցների կողմից` իրենց ներքին գրագրություններում, ինչպես նաև այն հանրային շրջանակների կողմից, ովքեր խիզախություն են ունեցել այդ մասին բարձրաձայնել: Դեռևս այն ժամանակ այդ գործողությունները համարվել են ամոթալի և խայտառակ:

Այսօր ԱՄՆ-ը կարծես սկսել է ավելի անկաշկանդ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Դա զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Մեկ այլ հետաքրքիր իրողություն ևս նշեմ. ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով ի պաշտոնե նաև Սենատի նախագահն է, թերևս կարող է իր դիրքորոշումը հայտնել` որպես այն սենատորներից, ով ժամանակին աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մյուս կողմից, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը իրականացնող կառույցի ղեկավարն է Ջոն Քերին, ով նույնպես ժամանակին աչքի է ընկել Հայոց ցեղասպնության ճանաչմանն ուղղված ակտիվ  գործունեությամբ:

Այստեղ կարևոր է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգներում ոչ միայն հայ համայնքի, այլև Միացյալ Նահանգների ներքին քաղաքական օրակարգում ամրապնդված խնդիր է, որը երկար ժամանակ է` լուծում է պահանջում: Հայոց ցեղասպանությունը վաղուց դարձել է ներքին փորձաքար ԱՄՆ-ում, որը կառավարությունը պետք է լուծի նախևառաջ Միացյալ Նահանգների քաղաքացիներ հանդիսացող հայերի պաշտմական հիշողությունը հարգելու և նրանց նախնիների դեմ իրականացված հանցագործությունը դատապարտելու համար:

Հարցազրույցը` Սյունե Բարսեղյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am