Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռագըփ Զարաքոլուն ելույթ է ունեցել Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը

Ռագըփ Զարաքոլուն ելույթ է ունեցել Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակի միջոցառմանը

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Ներկայացուցիչների պալատի նույն հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ապրիլի 9-ին միացել են իրենց ավելի քան երկու տասնյակ օրենսդիր-գործընկերներին` մասնակցելու Կապիտոլիումի բլրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ամենամյա միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցել և ելույթով է հանդես եկել թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն:

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը ճանաչած թուրք մտավորականը կոչ է արել ԱՄՆ-ին ևս ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: «Անխոս Միացյալ Նահանգները Թուրքիայի լավ ընկերն է, սակայն եթե իրական ընկեր է, պետք է այլ կերպ գործի: Պետք է աջակցի Թուրքիայի ժողովրդավարությանը, իսկ Թուրքիայում իրական ժողովրդավարության հնարավոր է հասնել` առերեսվելով պատմությանը` մեր պատմությանը, 1915 թվականի իրականությանը»,- իր խոսքում նշել է Զարաքոլուն:

Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Նյու Յորքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակի և ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ջանքերով:

«Մենք անչափ գոհ ենք, որ Ռագըփ Զարաքոլուի խիզախ հաղորդագրությունն այս երեկո լսելի դարձավ ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում: Հարգված թուրք մտավորականի, Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներ Մենենդեսի և Ռոյսի, ինչպես նաև գրեթե երկու տասնյակ դաշնային օրենսդիրների հնչեցրած հզոր խոսքերն ուժեղ ազդանշան էին Թուրքիայի և այստեղ` Վաշինգտոնում, նրա դաշնակիցների համար, որ ցուցում էին մեր համայնքի սկզբունքային դիրքորոշման և ճշմարտության ու արդարության հանդեպ տոկուն նվիրվածության մասին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am