Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներն այցելել են Մայր Աթոռ

Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներն այցելել են Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 8-ին ընդունել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ավարտական լսարանի ուսանողներին` ուղեկցությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Ռուբեն Միրզախանյանն Ամենայն Հայոց կաթողիկոսին է ներկայացրել  Հայոց պատմության ամբիոնի շրջանավարտներին`  խորհրդանշական նկատելով այն, որ Հայոց Հայրապետի հետ հանդիպումը տեղի է ունենում Մայր Աթոռի նորաբաց գիտամշակութային կենտրոնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր համալսարանի ուսանողներին նաև հնարավորություն է ընձեռվում աշխատելու իրենց գիտական թեզերի վրա: Այցի առիթով Մանկավարժական համալսարանի ռեկտորը հայցել է Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը երիտասարդներին` արգասավոր գործունեություն ծավալելու իրենց մասնագիտական ոլորտում:

Վեհափառ Հայրապետը նախ իր շնորհավորանքներն ու մաղթանքներն է ուղղել ներկա ուսանողուհիներին` Ս. Աստվածածնի Ավետման բերկրառատ տոնի առիթով, ապա անդրադարձել Հայ ժողովրդի պատմության ապագա ուսուցիչների և մասնագետների Մայր Աթոռ այցի կարևորությանը:

«Մեծ և պատասխանատու առաքելություն է իջած ձեր ուսերին, որովհետև պատմության ուսումնասիրությամբ ազգայինն ավելիով է յուրացվում, և դուք ազգի կենսագրությունն եք մատուցում սերունդներին, ովքեր ճանաչում են ազգի մշակույթը և կրողը դառնում ազգային իղձերի ու երազանքների: Այս իմաստով անձն ավելի պատասխանատու է դառնում, երբ լավագույնս իմանում է իր անցյալի պատմությունը, ճանաչում իր ժողովրդի անցած ուղին, հաղորդ է իր պատմական ակունքներին ու արմատներին: Հետևաբար յուրաքանչյուր հայորդի, ով իրազեկ է իր ժողովրդի անցյալին ու պատմական ժամանակագրությանը, ավելի մեծ պատասխանատվությամբ է ապրում իր կյանքը` հպարտ լինելով իր փառահեղ պատմությամբ», - նշել է Նորին Սրբությունը:

Խոսելով հայ ժողովրդի պատմության քառուղիներում քրիստոնեական արժեհամակարգի և Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես, ասել է. «Քրիստոնեական հավատքով են թրծվել բոլոր այն արժեքները, որոնցով մենք հպարտանում ենք, ուստի ամենքդ պիտի կարողանաք հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեական հավատքի ու Հայ Եկեղեցու ունեցած դերակատարությունը ճիշտ մատուցել մատաղ սերնդին, քանի որ քրիստոնեական հավատքի շնորհիվ ենք դիմագրավել ու հարատևել պատմության բովում»: Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդ պատմաբաններին իրենց քայլերը մշտապես ուղղել դեպի Մայր Եկեղեցի, որտեղից պիտի առնեն լույս, ներշնչանք ու ոգի` պայծառ կերպով շողարձակելու  ազգային կյանքից ներս, որպեսզի հայ ժողովուրդն ապրի` իր հանճարն արգասավորելով և  վերածելով աստվածահաճո գործերի:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխանել է ապագա մանկավարժներին հուզող հարցերին ու մտահոգություններին, որոնք մասնավորապես վերաբերել են սիրիահայությանը Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցությանը, ԲՈՒՀ-երում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հնարավորությանը, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների հետ Հայ Եկեղեցու հարաբերություններին, Մայր Աթոռի քարոզչական գործունեությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հանդիպման ավարտին ուսանողներն այցելել են «Ռուբեն Սևակ» թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am