Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սուրեն Մանուկյանը Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրային մակարդակում հայտնի իրողություն է համարում

Սուրեն Մանուկյանը Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրային մակարդակում 
հայտնի իրողություն է համարում

ԾԱՂԿԱՁՈՐ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրային մակարդակում Հայոց ցեղասպանությունը հայտնի իրողություն է: «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: «Սրա մասին է վկայում այն, որ աշխարհի ցանկացած գրախանութում կարելի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր գտնել՝ տարբեր լեզուներով: Շատ դեպքերում, երբ մարդկանց հարցնում ես՝ ինչ իրենք գիտեն Հայաստանի մասին, նրանք խոսում են Ցեղասպանության մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Մանուկյանն ընդգծեց, որ այստեղ մեծ է Սփյուռքի դերը, որը մեծ աշխատանք է տանում՝ Հայոց ցեղասպանության իրողությունն աշխարհին լսելի դարձնելու համար:

Մանուկյանը չհամաձանեց դիտարկման հետ, թե Թուրքիան քարոզչական առումով գերազանցում է Հայաստանին: «Թուրքիան հարուստ երկիր է և հակաքարոզչության վրա միլիոններ է ծախսում, սակայն, չի կարելի ասել, թե այս առումով մենք զիջում ենք նրանց: Սրա մասին է խոսում այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունն այլևս հայտնի իրողություն է աշխարհի համար»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ հարկավոր է ավելի ու ավելի շատ աշխատել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը՝ որպես իրողություն հասանելի լինի ավելի լայն զանգվածների, աշխարհի տարբեր հատվածներում: Նրա խոսքով՝ չպետք է ոչնչով բավարարվել, և թե' Հայաստանի Հանրապետությունը, թե' Սփյուռքը պետք  է անընդհատ նոր ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ:

Ծաղկաձորում մեկնարկել է «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև հետևյալ հարցերին. արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am