Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

BBC-ն անդրադարձել է #SaveKessab շարժմանը

BBC-ն անդրադարձել է #SaveKessab շարժմանը

ԵՐԵՎԱՆ 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC մեդիաընկերության հեռուստատեսությունն անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի պատմությանն ու #Savekessab շարժմանը, որին միացել են նաեւ համաշխարհային հռչակ ունեցող ազգությամբ հայ աստղերը: Միջազգային հանրությանը հետաքրքրել է, թե ինչու է Twitter-ում ավելի քան 2 միլիոն հետեւորդ ունեցող Քիմ Քարդաշյանը մի քանի անգամ հաղորդագրություն թողել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանը Twitter-ում անդրադարձել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ ինչո՞ւ է նա աղոթում հայերի համար» հարցը պարզաբանելու նպատակով BBC-ի թղթակիցը դիմել է ԱՄն Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանին, ով պատմում է, որ Քարդաշյանը ազգությամբ հայ է եւ, չթաքցնելով իր արմատները, բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում զոհվող հայերի առնչությամբ:

Այնուհետեւ BBC-ի լրագրողը պատմում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների եւ այն մասին, որ սիրիական գյուղաքաղաքը հիմնականում բնակեցված է հայերով եւ հարձակումների ժամանակ տուժում են Քարդաշյանի հայրենակիցները:

Ռեպորտաժի ընթացքում հեռուստաընկերությունը ցուցադրում է նաեւ երգչուհի Շերի եւ մնացած այլ հայտնի աստղերի գրառումները Քեսաբի անչությամբ: «Բազմաթիվ երկրներում մեծ սփյուռք ունեցող հայերը միացան #SaveKessab շարժմանն ու իրենց բողոքն արտահայտեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- ռեպորտաժը եզրափակում է լրագրողը` հավելելով, որ թեպետ շատերը սարկազմով են վերաբերվել Քարդաշյանի գրառումներին, սակայն, դրանք իրենց նպատակին ծառայում են:  

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրության հրավիրելով սարսափելի դեպքերի վրա: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա: Սիրիական զորքերն արդեն սկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվական գործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am