Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՄՄ անդամակցության օրենսդրական նախագծերը և պայմանագրերը Հայաստանի խորհրդարան կմտնեն մարտի վերջին

ՄՄ անդամակցության օրենսդրական նախագծերը և պայմանագրերը Հայաստանի 
խորհրդարան կմտնեն մարտի վերջին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցությամբ Հայաստանը հնարավորություն է ստանում 170 միլիոնանոց շուկայում գործել առանց մաքսատուրքերի, մաքսային վարչարարությունների և ավելորդ բարդությունների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Մենք կարողանում ենք օգտվել ղազախական, ռուսական և բելառուսական շուկաներից և ներդրումների հնարավոր ծավալներից, մենք կարողանում ենք համատեղ ձեռնարկությունների հնարավորություններ ավելացնել,  ապագայում,  խոսելով նաև Եվրասիական տնտեսական միության քաղաքական անվտանգության կոմպոնենտի մասին, նաև երաշխավորել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրը, ինչը մեզ համար կարևոր է, շատ ավելի կարևոր, քան մյուս պետությունների համար»,- նշեց Զաքարյանը:

Քանի որ Հայաստանը ՄՄ անդամ երկրների հետ ունի մաքսային տարբեր ռեժիմներ, բնականաբար, ՄՄ-ին անդամակցելու դեպքում  կլինեն ապրանքներ, որոնք կթանկանան, կլինեն ապրանքներ, որոնք ավելի ցածր գին կունենան:  «Դա նաև կախված է, թե մենք ինչպես կշարունակենք գործունեությունը երրորդ երկրների հետ: Որևէ խոչընդոտող հանգամանք չկա, որ ազատ առևտրի պայմանագիր ունեցող երկրների հետ մենք պահպանենք առևտուրը, մասնավորապես Վրաստանի»,- նշեց Զաքարյանը:

Հայաստանը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի առաջին անհրաժեշտության և մեծ սպառման ենթակա ապրանքների թանկացումներ չլինեն: Զաքարյանը չի բացառում, որ որոշ դեպքերում այդ ապրանքներն ավելի էժան լինեն, որովհետև, ըստ էության, եթե մաքսատուրքերը դուրս են գալիս, դա նաև հնարավորություն է տալիս ներկրումների և արտահանումների ժամանակ ավելի էժան և ավելի մրցունակ տնտեսություն վարել:

Մաքսային միության անդամակցության հետ կապված օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը Ազգային ժողով կմտնեն մարտի վերջերին: «Մաքսային միության ճանապարհային քարտեզն արդեն  հաստատվել է: Այն գործողությունների ծրագիր է, որն իրենից ներկայացնում է միջազգային պայմանագրեր, որոնք Հայաստանը պետք է ստորագրի: Դրանց մեծ մասը վավերացվելու են խորհրդարանում, մենք սպասում ենք, որ արդեն մարտի վերջից, ապրիլի սկզբից այդ փաթեթները նաև ՄՄ անդամակցության օրենսդրական փոփոխությունների նախագծերը և միջազգային պայմանագրերը կգան  խորհրդարան»,- ասաց Զաքարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի մինչև 2015թ. Հայաստանը վավերացնի անհրաժեշտ փաստաթղթերը և դառնա ՄՄ լիիրավ անդամ՝ 2015թ. Եվրասիական տնտեսական տարածքին միանալու համար: Զաքարյանի խոսքով՝ դա բխում է մեր շահերից և անհրաժեշտություն է մեզ համար: 

Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Վերջերս հրապարակվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am