Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ երկրին կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ Անկարայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «հաշտություն եւ համաձայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել 1915 թ-ի իրադարձությունները», իսկ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

«Պատմությունը ճանաչելու համար տարվող աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց դա պետք է արվի խաղաղություն եւ հաշտություն ապահովելու համար: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցն է, հետո` 2015-ն է: Պետք է անենք ճիշտն ու իրավականը, եւ դա այնպես անենք, որ բոլորը հասկանան թեման: Դրա հետ կապված Ֆրանսիայում օրենք է ընդունվել, 2008 թ-ին շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում», -ասել է Օլանդը:

Անդրադառնալով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հարցին, Ֆրանսիայի նախագահն ասել, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ շարունակվող բանակցությունները դեռեւս չեն նշանակում, որ դրանք կավարտվեն լիիրավ անդամակցությամբ: Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը ենթակա է հանրաքվեի Ֆրանսիայում եւ կախված է այդ հանրաքվեի արդյունքներից:

Թուրքիայի նախագահ Գյուլն իր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված կրկին հայտարարել է, որ այն պետք է թողնել պատմությանը եւ պատմաբաններին: «Այն տարիների ցավերը ճիշտ չէ փոխադրել սերունդից սերունդ: Պետք է այն թողնել պատմաբաններին: Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները, վերացրել ենք թեման քննարկելու հետ կապված արգելքները: Խնդիրը պետք է լուծել պատմաբանների հետ», -ասել է նա:

Այցի ընթացքում Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական եւ մշակութային ոլորտների հետ կապված 10 համաձայնագիր է ստորագրվել: Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am