Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արտարժութային պարտատոմսերի թողարկումը էականորեն ազդել է պետական պարտքի կառուցվածքի վրա

Արտարժութային պարտատոմսերի թողարկումը էականորեն ազդել է պետական 
պարտքի կառուցվածքի վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը փոփոխության է ենթարկվում՝ պայմանավորված միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունների կողմից տրվող արտոնյալ վարկերի նվազեցմամբ և պորտֆելում առևտրային վարկերի ավելացմամբ։ Երբ 2013 թվականին Կառավարությունը հավանություն տվեց միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին, դրան հաջորդեց 700 մլն դոլար ծավալով հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումը։ Աղքատության շեմը հաղթահարած և միջին եկամտաբերության երկիր համարվող Հայաստանի համար դա նոր էջ էր բացում տնտեսական քաղաքականության մեջ։ Մասնավոր հատվածի համար հնարավորություն էր ընձեռնվում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Այն պարագայում, եթե Հայաստանը չունենար միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինելու էր 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ եվրապարտատոմսերի թողարկմամբ էականորեն փոխվեց արտաքին պարտքի սպասարկման գործիքակազմը և վարկերի արտոնյալության պատկերը։ «Ֆինանսական աղբյուրները Հայաստանի համար խստացրեցին վարկավորման պայմանները, և եթե նախկինում ավելի շատ տրամադրվում էին արտոնյալ վարկեր, ապա այժմ ավելանում են առևտրային վարկերը։ Արտաքին պարտքի համար գործիք համարվող եվրապարտատոմսերի թողարկումը լինելու է շարունակական։ Մենք մտել ենք միջազգային ֆինանսական շուկա և դարձել դրա մասնակիցը, հետևաբար թողարկումները պետք է պարբերական բնույթ ունենան։ Սակայն պարտատոմսերի թողարկման հաճախականությունը որոշվում է Կառավարության կողմից, և այս տարվա համար դեռևս նման որոշում չկա»,-ասաց Մարությանը։ Հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկմանը հետևեցին հայաստանյան բանկերի առաջարկները արտարժույթով պարտատոմսեր ձեռք բերելու համար։ Առևտրային բանկերն իրենց հերթին սկսեցին դոլարային պարտատոմսեր թողարկել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝  արտարժույթով պարտատոմսերի թողարկումը հատկապես կարևորվեց ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից։ «Որպես կանոն պարտատոմսերի ինստիտուտը Հայաստանում կիրառվում է դեֆիցիտի սպասարկման համար։ Ներքին միջոցներով մենք ի զորու չենք թողարկելու այնքան պարտատոմս, որքան ցանկանանք, իսկ արտարժույթով պարտոտոմսերի թողարկումն ընդունված երևույթ է աշխարհում, եթե դրանք հիմնավորված են և դրանց արդյունավետությունը բավականաչափ բարձր է»,-նշեց Բոստանջյանը։ Նրա խոսքով, սակայն, դեռևս անելիքներ կան թափանցիկության աստիճանի բարձրացման համար։ «Մասնագետները պետք է իրազեկված լինեն, թե պարտատոմսերը ինչ նպատակով են օգտագործվել, իսկ այժմ դժվար է ասել՝ դրանք արդյունավետ էին, թե ոչ։ Արտարժույթով պարտատոմսերը ներդրումները խթանելու համար են, սակայն անցած տարի 2012 թ. համեմատ նվազեցին ներդրումները։ Հիմա, եթե մենք ի դեմս արտարժութային պարտատոմսերի նման նպատակ ենք հետապնդում, ապա պետք է հստակ կողմնորոշում ունենանք՝ որտեղ են դրանք ներդրվելու»,- ասաց Բոստանջյանը։ 

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ ներկայումս հարկավոր է առավել մեծ աշխատանք տանել ներքին պարտքի տեսակարար կշռի ավելացման համար։ «Այժմ առյուծի բաժինը արտաքին պարտքինն է, իսկ եթե մենք դոլարով և եվրոյով պարտատոմսեր ենք թողարկում, ապա դա ի վերջո վերածվում է արտաքին պարտքի, քանի որ դրա ձեռքբերողները հիմնականում ոչ ռեզիդենտներ են։ Հետևաբար, կարծում եմ, ներքին պարտատոմսերի հետ կապված աշխատանքն առավել առաջնային պետք է լինի»,-նշեց նա։

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի ֆինանսների վիճակագրություն- 2013» փաստաթղթի համաձայն` 2012 թվականին ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 764 միլիարդ 475 միլիոն դրամ կամ 4 միլիարդ 372 միլիոն 58 հազար դոլար: Մեր երկրի պետական պարտքը երկրի համախառն ներքին արդյունքի 44,1 տոկոսն է: Ընդ որում` պետական պարտքի 46 տոկոսը կառավարության պարտքն է, 39 տոկոսը` արտաքին պարտքը, 8 տոկոսը` ներքին պարտքը եւ 7 տոկոսը` ՀՀ Կենտրոնական բանկի ներքին պարտքը:

Գոհար Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am